Հովհաննես Թումանյանը կենդանիներին վերաբերում էր որպես բանական էակների. թումանյանագետ

Հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ցանկություն է ունեցել դառնալու բուսակեր: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը՝ հավելելով, թե արդյոք դարձավ ի վերջո Թումանյանը բուսակեր տվյալներ չեն պահպանվել:

«Թումանյանը, ինչպես հայտնի է իր ստեղծագործություններից, իր դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերից, ինչպես նաև Իսահակյանի հուշերից, եղել է լավ որսորդ, նույնիսկ կարող էր օդում թռչող թռչուն կրակել, շատ լավ նշանառու էր և նաև լավ քեֆչի էր: Պարզ է, որ հայկական քեֆերը չեն կարող անցնել առանց խորովածի, կենդանու մսի: Բայց հանկարծ ինչ-որ մի ժամանակ նա սկսում է կենդանիների նկատմամբ խղճմտանք զգալ: Սկսում է որսորդությունն ու ձկնորսությունն անիծված փեշակ անվանել: Կարող եմ մի քառյակ հիշեցնել՝

Երազումս մի մաքի

Մոտս եկավ հարցմունքի.

-Աստված պահի քո որդին,

Ոն՞ց էր համը իմ ձագի… 1917

Կամ

Մի հավք զարկի ես մի օր.

Թըռա՜վ, գընաց վիրավոր։

Թըռչում է միշտ իմ մըտքում

Թևը արնոտ ու մոլոր։ 1918

Այսինքն այս ստեղծագործությունները ցույց են տալիս, որ իր աշխարհայացքը փոխվել է կենդանիների նկատմամբ և ինքն իր նամակներից մեկում այդպիսի միտք է արտահայտում. ասում է՝ ես արդեն կենդանիներին նայում եմ ինչպես մարդկանց, որպես բանական էակների»:

Հրայր Ուլուբաբյանը վստահաբար և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ այդ փոփոխությունը տեղի է ունեցել թեոսոֆիայի հետ նրա ծանոթացումից հետո: «19-րդ դարի վերջին ստեղծված թեոսոֆիական ընկերությունը, դրա գաղափարները տարածվում էին աշխարհով մեկ, գաղափարախոսությունը հասնում է նաև Թբիլիսի, և Թումանյանին շատ հոգեհարազատ են դառնում: Հիշեցնեմ թեոսոֆիական 3 հիմնական նպատակները. 1-ինը՝ համամարդկային եղբայրության գաղափարի իրականացումը, 2-րդը՝ կրոնների, փիլիսոփայությունների ուսումնասիրություն և 3-րդը՝ մարդու և բնության գաղտնի ուժերի ուսումնասիրություն: Թումանյանը այդ երեք գաղափարների իրականացնողն էր: Այս տեսանկյունից՝ մարդու և բնության գաղտնի ուժերի ուսումնասիրության մասին ուղղակի խոսքեր են ասված: Թումանյանը նաև պայծառատես էր, հեռազգաց էր: Այդ հատկությունները կային իր և Աղայանի մեջ: Թումանյանի հուշերում և ստեղծագործություններում պատմվում է նաև, որ Թումանյանն Աղայանի փողոցում ընկնել և մահանալն է տեսել»,- մանրամասնեց նա:

Ինչպես պնդում է մեր զրուցակիցը, այդ որակների զարգացումը, կենդանիների նկատմամբ վերաբերմունքը գալիս է հնդկական, բուդդայական, յոգայական փիլիսոփայությունից, խորագետ դառնալու հետ կապված: Թումանյանն ուսումնասիրում էր և ապրում էր այդ գաղափարներով: «Թեոսոֆիան ինքնին դա պահանջում է. բուսակերությունը ճիշտ է համարվում, իսկ կենդանիներին սպանելը քննադատվում է: Որևէ մեկն իրավունք չունի կենդանու հոգին խլել, նա էլ կենդանի է, նա էլ ապրել է ուզում: Դա ոչ քրիստոնեության մեջ կա, ոչ բուդդայականության մեջ, ոչ այլ կրոնի, դա ուղղակի կեղծ արժեքներ են տարածված՝ մատաղ անել և այլն: Եթե մենք անցյալից արժեքներ ենք բերում, ապա դնենք դրանք այժմյան փիլիսոփայության լույսի ներքո և համոզվենք, որ կենդանի սպանել, ուտելն արդեն ոչ պիտանի արժեք է, որը պետք է դնենք մի կողմ: Մեր ազգի մեծերից Թումանյանն էլ, Իսահակյանն էլ իրենց ստեղծագործություններում քննադատել են կենդանի սպանելը և այսօր եկել է ժամանակը վերանայել մեր ավանդույթները»,- ասում է նա:

Մեր հարցադրմանը, թե կյանքի ո՞ր փուլում հայ մեծ բանաստեղծն անցում կատարեց կյանքի նոր սկզբունքների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ստույգ տարի չեմ կարող նշել, միայն գիտեմ, որ երբ 1900 թ.-ին ստեղծվեց Վերնատունը, այդ ժամանակ ամբողջ ՌԴ-ում, Սանկտ Պետերբուրգում, Կալուգայում և տարբեր քաղաքներում թեոսոֆիական խմբակներ էին ստեղծվում: Այն ժամանակ Թբիլիսիում էլ կար խմբակ: Ես չգիտեմ Թումանյանն այդ խմբակի հետ ինչ առնչություն է ունեցել, բայց գիտեմ, որ 1908թ.-ին, երբ Սանկտ Պետերբուգում ստեղծվել է ոչ թե խմբակ, այլ ընկերություն և այդ ընկերությունը թողարկել է ամսագրեր իրենց գաղափարախոսության համապատասխան, Թումանյանի գրադարանում, արխիվում պահպանվել են այդ ամսագրերը: Թումանյանը 1909թ.-ի հրատարակած ամսագրերն ունի: Ընդհանրապես Թումանյանի գրադարանում այդ գրականությունից ահագին նմուշներ կան: Այս գրականությունից մի շարք գաղափարներ երևում է, որ Թումանյանի մոտ ևս առկա են, որի մասին ինքը գրում է և ուսումնասիրողները չգիտեն ակունքի մասին, թե ինչ են դրանք նշանակում: Օրինակ՝ մեկ քառյակ ասեմ, որում արևելյան փիլիսոփայության, բուդդայականության, յոգայի գաղափարն է արտահայտված, բայց թումանյանագիտության մեջ չեք գտնի այսպիսի մեկնաբանություն.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,

Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։ 1921

Սա արևելքի փիլիսոփայության հիմնական սկզբունքներից մեկն է շատ գեղեցիկ արտահայտված այդ քառյակում, հոգու վերամարմնավորման գաղափարներն է կրում: Քանի որ ԽՍՀՄ ժամանակահատվածում ընդհանրապես նման գաղափար չկար, հետևաբար այդ քառյակը չէր կարող այդպիսի մեկնաբանություն ունենալ, բայց դա է իրականությունը: Թումանյանի ողջ կյանքի նշանաբառն էր՝ միշտ դեպի վեր, որը նշանակում է դեպի կատարյալը, դեպի Աստված, դեպի անհունը և այդ ճանապարհը նա գնացել է սկզբից մինչև վերջ: Այդ ճանապարհին իր ողջ գիտակցական կյանքը նա նվիրել է ազգի փրկության գործին: Թումանյանի Վերնատունն ամբողջությամբ այդ գաղափարներն էր իրականացնում»: 

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք այս տեսակետն ընդունված է մյուս թումանյանագետների կողմից, պարոն Ուլուբաբյանը պատասխանեց. «Ես 1994թ.-ին կարդալով մեր մեծ թումանյանագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի հոդվածը՝ «Թումանյանագիտության հերթական խնդիրները» վերնագրով, հասկացել եմ, որ ինքը չի կարողացել դուրս գալ այդ սովետական շրջանի նյութապաշտական, աթեիստական գաղափարախոսության շրջանակներից: Ես հոդված եմ գրել՝ «թումանյանագիտության 3-րդ փուլը և նրա խնդիրները» վերնագրով: Երրորդ փուլ եմ համարել 1994թ.-ից սկսված անկախության տարիների նոր թումանյանագիտությունը: Պետք է փաստեմ, որ թումանյանագիտության երկու ուղի կա՝ մեկն իմ բացածն է, որով ես եմ առայժմ միայնակ քայլում, մյուսը՝ այն մարդիկ են, ովքեր չեն կարողացել այդ շրջանակներից դուրս գալ, առաջին քայլերն են կատարում: Ես նոր ուղղություն եմ ցույց տվել, որը էզոտերիկ գիտելիքների հիման վրա է, որի մեջ Թումանյանն է և ցանկացած հետազոտող պետք է մտնի այդ ոլորտը: Առանց թեոսոֆիա ուսումնասիրելու դժվար է Թումանյան հասկանալ»,- եզրափակեց նա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում