«Արմօյլ» ընկերությունը Եղվարդում գործարան կառուցելու ոչ մի փաստաթուղթ չունի

Կոտայք մարզի Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերությունը պատրաստվում է շահագործել նավթամթերքի վերամշակման գործարան, որի անմիջապես դիմաց գտնվում է Եղվարդ քաղաքի Նատի թաղամասը, ինչպես նաև պտղատու ծառեր և սննդամթերք արտադրող գործարաններ: Չնայած «Արմօյլ» ընկերության ղեկավար Ալֆրեդ Աբեդին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը ստացել է գործարանի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ամեն դեպքում այս պնդումը կասկածելի է:

«Արդյունաբերական ձեռնարկություն են հիմնում մեզ մոտ և բնակիչները դժգոհում են, որովհետև մեր առողջությանը վտանգ է սպառնում: Չի եղել ոչ մի հանրային լսում: Մենք նամակ ենք գրել տարբեր մարմինների, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել և ոչ մի հանրային լսում չեն կազմակերպել»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Նատի թաղամասի բնակիչ Արթուր Թումասյանը:

Բնակիչները մեզ տրամադրեցին ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն պարոն Արմեն Սաղաթելյանի կողմից ստացված գրությունը, որում ասվում է՝ նախագիծը պետք է ենթարկվեր Բնապահպանության նախարարության կողմից փորձաքննության և միայն վերջինիս դրական եզրակացության առկայության պարագայում կարող է իրականացվել գործարանի կառուցումը:

«Մենք չունենք ոչ մի փաստաթուղթ և չունենք ոչ մի տեղեկություն: Մենք ուզում ենք իմանալ՝ որքանով է այս գործարանը վտանգավոր լինելու մեզ համար, չնայած պարզ է, որ վտանգ հաստատ կներկայացնի: Նրանք պատասխանեցին, որ այստեղ այգիներ չկան, դրա համար ենք հիմնել գործարանը: Բայց ընդամենը 10 մետրի վրա 40-50 հա այգիներ կան: Ունենք սալորի, ծիրանենու, ընկույզի և այլ տարբեր տեսակի մրգերի այգիներ»,- ասաց բնակիչը:

Անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը պարզելու նպատակով մենք կապ հաստատեցինք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի հետ, ով ասաց. «ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը փաստաթուղթ չի տրամադրել ընկերությանը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Արմօյլ» ըներությունը չի անցել համապատասխան փորձաքննություն և ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Հարուցված վարույթի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Ուշագրավ է ևս մեկ հանգամանք: Ինչպես պնդում է բնակիչը. «լրատվամիջոցներից մեկին քաղաքապետն ասել է, որ չի լինելու նավթի վերամշակում, այլ միայն յուղի պահեստավորում, իսկ «Արմօյլ»-ից պատասխանել են, որ լինելու է նավթավերամշակման գործարան:

Ստացվում է Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը պնդում է՝ նավթամթերքի վերամշակման գործարան չի լինելու, այլ տարածքում կառուցվում են յուղի պահեստներ, իսկ այցելելով ընկերության պաշտոնական կայքէջ պարզ է դառնում, որ «տարածաշրջանում միակ նավթամթերքի վերամշակման գործարանը շուտով կգործի»:

«Նրանք պնդում են, որ վնաս կարող է լինել միայն այգիներին, բայց դուք էլ այստեղ այգի չունենք: Ինչպե՞ս չունենք, եթե 10 մետրի վրա այգիներ են: Հրավիրել ենք մի շարք լրատվամիջոցների, որ գան նկարահանեն: Բավականին մեծ ծառեր են՝ 5, 6, 7 տարվա ծառեր են: Նրանք պնդում են, որ բնակչության համար վտանգ չի ներկայացնում, բայց այստեղ էլ 50 տուն բնակչություն կա, 50 ընտանիք կա, հենց դիմացը թաղամաս կա: Եթե «Արմօյլ»-ը խոստովանում է, որ այգիներին վնաս է, ինչպե՞ս կարող է մարդկանց վնաս չլինել: Թեկուզ, եթե յուղի պահեստ է ստեղծվելու չէ՞, այստեղ հսկայական տարրաներ են տեղադրվելու և դրանց բերանները հերմետիկ չեն փակվելու, որովհետև եթե հերմետիկ փակեն, ապա այդ գազերի ճնշման տակ պայթյուն է լինելու, իսկ եթե բաց թողեցին, ապա արևի տակ, այդ գազերը պետք է դուրս գան, դա էլ արդեն թույն է»,- շարունակում է Նատի գյուղի բնակիչ Արթուրը:

Ի դեպ, մենք դիմեցինք նաև ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ տեղեկացրեցին, որ ԱԻՆ դիմել են միայն բնակիչները, իսկ «Արմօյլ» ընկերությունը՝ ոչ: ՀՀ ԱԻՆ ծառայությունը ոչ մի փաստաթուղթ չի տրամադրել ընկերությանը կառուցվող գործարանի անվտանգության մասին վկայող: Նախարարությունը շուտով կպատասխանի բնակիչների նամակին:

«Բոլորն անխտիր դժգոհ են և մենք ամեն ինչի պատրաստ ենք, պայքարելու ենք: Եթե նման արտադրություն լինի, երևի թողնենք երկիրը հեռանանք: Տնօրենին հարց ենք տալիս՝ բա ո՞ր պայթեց, ի՞նչ ենք անելու, ասում է՝ մենք հատուկ տեղ ենք սարքել, որ գյուղը գնա լցվի այդտեղ»,- մանրամասնում է Արթուրը:

Եղվարդ քաղաքի բնակիչները նամակ են ուղղել տարբեր պետական գերատեսչությունների՝ ակնկալելով պատասխան: Նամակում ասվում է նաև. «Էկոլոգիապես վտանգավոր այս գործարանի կառուցման աշխատանքները նախկին կառավարության ժամանակ դադարեցվել էին, սակայն ընկերության սեփականատերը իր համար հուսալի անցաթուղթ է ձեռք բերել բիզնեսը` Ծառուկյան Գագիկի հետ կիսելով»:
ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում «Արմօյլ» ընկերության մասին տվյալներ գտնել ևս չհաջողվեց, քանի որ դրանք «գաղտնիացված» են և հասանելի կլինեն միայն վճարում կատարելու դեպքում:

Իրականացված հետաքննության ընթացքում պարզեցինք, որ «Արմօյլ» ըներությունը, որը պատրաստվում է գործարկել նավթամթերքի վերամշակման գործարան, պետական երկու գերատեսչությունների կողմից չի ստացել համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին փաստաթուղթ:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում