Փոխնախարարը հանդիպել է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության պատվիրակությանը և դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելչի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Ողջունելով հյուրերին` փոխնախարարը կարևորել է այն առաքելությունը, որով խումբը ժամանել է Հայաստան և ինչը մեծապես կնպաստի Չեխիայի հետ Հայաստանի ստորագրած համագործակցության հուշագրի կոնկրետ դրույթների կատարմանը: Խ. Հակոբյանը հիշեցրել է, որ փաստաթղթում ամրագրված էին գործողություններ 2017-18 թվականների համար, որոնցով հստակ քայլեր են նախանշված բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության պահպանման և էկոտուրիզմի ոլորտներում:

Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելչը նշել է, որ բարձր են գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունները հատկապես բնապահպանության ոլորտում: Բնապահպանական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների համագործակցության հիմնական նպատակը փորձի փոխանակումն է և կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացմանը: Դեսպան Պետր Միկիսկան տեղեկացրել է, որ Ֆրանտիշեկ Պելչի ղեկավարած աշխատանքային խումբը նախատեսում է լինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում և «Դիլիջան» ազգային պարկում` տեղում ծանոթանալու պահպանման ռեժիմներին, կառավարման ծրագրերին, ինչին կհաջորդի համագործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: Կողմերը պայմանավորվել են հանդիպել հաջորդ շաբաթ` քննարկելու մարզային այցելությունների արդյունքները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում