Անգղի խրտվիլակ՝ Գոշ գյուղի սրճարաններից մեկում (ֆոտո)

Գոշավանքի գորշությունը։ (Սարսափ ֆիլմ՝ 3 գործողությամբ)

Այսօր Գոշ գյուղում էինք՝ շվեյցարացիների հետ։ Սրճարան էինք ման գալիս՝ պիկնիկի համար։ Առաջին նկարում սրճարաններից մեկի ոգեշնչող ու առինքնող ֆասադն է՝ արևի տակ փտող անգղի խրտվիլակով։ Տարանտինոն երիցս կերազի իր՝ վայրի արևմուտքի մասին ֆիլմերում նման կադրեր ունենալու մասին։ Աչքիս էս էն հայտնի գյուղապետի գտած թուրք անգղն է։

Ինչևիցե մի բարի պապիկի բակում՝ շառից ու խրտվիլակից հեռու, պիկնիկ արեցինք ու եկանք Գոշավանքի կայանատեղի՝ էնտեղ, էն որ գյուղացիները քար ու թուփ, թեյ ու մուրաբա են ծախում։ Խմբումս երիտասարդներ ու դպրոցահասակ երեխաներ էլ կան։ Էս ջահելությունը խռնվեց ստենդերից մեկի մոտ՝ օգնության ճիչերով ու բացականչություններով։ Մոտեցա։

Աչքերիս դեմ բացվեց 2֊րդ ու 3֊րդ նկարների տեսարանը։ Պլաստմասե արկղի մեջ բանտարկված երկու թուրք կրիա՝ փտած դեղձի մնացորդների մեջ, վնասված մաշկով ու եղունգներով, իսկ կողքին մի խեղճ ու կրակ թուրք ոզնի՝ ճաղերի մեջ, արևի տակ, գարշահոտ ու ծարավ։ Աղջիկներից մեկը սկսեց ջուր տալ խեղճ կենդանուն, վերջինս վախից ավելի էր կուչ եկել ու իսկի չէր էլ շարժվում։

֊ Ա շարժվի է, թաղվա՛ծ ,֊ ոտքով ճաղերին խփելով ու ամբողջ վանդակը դղրդացնելով՝ գոռաց գյուղացի ՀԱՅ֊հայրենասեր կինը։ Բուլաթից ատամներն ակամայից փայլեցին Տավուշի արևի ջերմ շողերից՝ ասեղների նման խրվելով սրտիս ու հիշողությանս մեջ։ Ահաբեկված ոզնին թպրտաց ու նորից կուչ եկավ անկյունում։

֊ Էս ինչի՞ եք էս խեղճ կենդանիներին էսպես բանտարկել, որտեղի՞ց եք բռնել, ֊ հարցրեցի։

֊ Հանդիցն ենք բռնել, դեղձով կերակրել ենք, հըմի էլ ծախըմ ենք, հատը 5.000 դրամ։

֊ Իսկ դուք խիղճ ունե՞ք, թե՞ էդ բառը ձեզ անծանոթ է։

֊ Իշշշ, այ մարդ, գործիդ գնա է, խիղճ ունե՞ս, առ տար, ճանապարհին բաց թող...

Ի՞նչ ասել/անել նման դեպքերում, անկեղծ, չգիտեմ...

Էս ե՞րբ մերոնք էս աստիճան կորցրեցին իրենց մարդկային դեմքը։ Իսկ առհասարակ ունեցե՞լ են էդ դեմքից։

Հանկարծ "հացի փողի" ու "նաֆար պահելու" փչացած պլաստինկեն էլի չմիացնեք։

Ինչևիցե, խոսեցի գյուղապետի հետ։ Խոստացավ հարցով զբաղվել։ Բավականին կիրթ ու հավասարակշռված մարդ է։ Հուսամ մոտը մի բան կստացվի։

Իսկ առհասարակ ի՞նչ անել։

Էս մարդկանց ո՞նց քարե դարից բերել մեր օրեր։

Հը՞։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում