Թռչունները սպանվել են լուսանկարվելուց 20-30 րոպե առաջ. Փորձագետները նոր մանրամասներ են հայտնում

Տուգանքը սահմանվում է ֆլորային ու ֆաունային հասցված վնասի փոխհատուցման կարգի համաձայն. սպիտակագլուխ մեկ անգղ սպանելու համար նախատեսվում է 250 հազար դրամ տուգանք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը։

Նա մասնավորապես ասաց. «Մեղավորները պետք է տուգանվեն 500 հազար դրամով։ Բայց մեր կարծիքով, այդ գումարը պետք է վերանայվի, և նախարարությունն այս հարցն անպայման կներկայացնի կառավարությանը։ Սպիտակագլուխ անգղերը ոչնչացման եզրին են և գրանցված են Կարմիր գրքում»:

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրապարակեց Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին տեղեկություն, որը մեծ արձագանք ստացավ: 

Հանդիպմանը ներկա էր նաև «Թռչունների պահպանության միություն» ՀԿ նախագահ Մամիկոն Ղասաբյանը, ով ասաց. «Ախուրյան ու Արաքս գետերի միախառնման տեղում, թուրքական կողմում սպիտակագլուխ անգղերը բնադրում են յոթ տեղում, իսկ մեր կողմից` Ախուրյանի ափին անգղերի մի քանի զույգ կա։ Ինչպե՞ս կարող էր գյուղապետը որոշել` անգղերը «հայկական» են, թե՞ «թուրքական»։ Այս թռչունների պոպուլյացիան սպառնալիքի տակ է»: 

Իսկ WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ թռչունները, հավանաբար, ոչ երկար ժամանակ են սպանված եղել և այս մասին վկայում է լուսանկարում երևացող թռչունի արյան գույնը, որը բաց երանգ ունի: Կա նաև երկրորդ փաստարկը. թռչունների թևերի կախված վիճակը: Ինչպես պնդեց պարոն Ղասաբյանը, եթե թռչունը վաղուց սպանված լիներ այդպես ազատ թևերը չէին կախվի: Իսկ արյան գույնը վկայում է, որ թռչունները մոտակա 30 կամ 20 րոպեյվա ընթացքում են սպանվել: 

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև «Էկո-Մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը, ով կարծում է, որ պետք է սկսել հիմքից և Հայաստանի դպրոցներում պետք է էկոկրթություն մտցնել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում