Կառավարությունը հավանություն է տվել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությանը

Հոկտեմբերի 5-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությանը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է վեցամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավության դրույթների իրականացման միջոցառումների ծրագիր։

Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը բխում է այդ ոլորտում իրականացվող գործունեության համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, առաջնահերթությունների սահմանման և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներով սահմանված անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության, բնակչության ու շրջական միջավայրի ճառագայթային պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման հրամայականից։

Հայաստանում ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ աշխատանքները սկսվել են 20-րդ դարի 50-ական թվականներից և առավել ակտիվացել են 80-ականների կեսերին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում և ոլորտներում` առողջապահության, արդյունաբերության, գիտության և կրթության, գյուղատնտեսության, երկրաբանության և այլ, ինչի արդյունքում առաջացել են այսպես կոչված «մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ»:

Ռադիոակտիվ թափոնների մյուս տեսակի` այսպես կոչված «միջուկային թափոնների» առաջացումը մեկնարկել է Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործմամբ:
Ռազմավության ընդումը կնպաստի ռադիոակտիվ թափոների կառավարման համակարգի արդիականացմանը, Հայկական ԱԷԿ-ի շահագործմամբ պայմանավորված տարբեր տեսակի և ակտիվության թափոների առաջացման նվազեցմանը, դրանց կառավարման համակարգի շահագործման ծախսերի կրճատմանը, ՀԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման, ինչպես նաև շահագործումից հանելու գործընթացի իրականացմանը, ՀԱԷԿ-ի անձնակազմի և բնակչության, շրջական միջավայրի վրա ճառագայթման վնասակար ազդեցության սահմանափակմանը։

Փաստաթղթի ընդունումը նախադրյալներ կստեղծի բարձր ակտիվության թափոների գերեզմանոցի կառուցման համար։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում