Կպատժվի արդյո՞ք «որսի սիրահար» գյուղապետը. պարզաբանում են մասնագետները

Ապօրինի որսի իրականացման առավելագույն պատիժը սահմանված է 4 տարի ազատազրկում: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Եգանյանը՝ անդրադառնալով երեկ հրապարակված սպիտակագլուխ անգղերի որսի լուսանկարներին:

«Նշված դեպքը կարգավորվում է քրեական օրենսգրքի 294 հոդվածովով՝ «ապօրինի որսը»: Կարծում եմ, որ դա պետք է լինի ապօրինի որսի 3-րդ մասը՝ «3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է»: Դրա առավելագույն պատիժը սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը չորս տարի ժամկետով, եթե այդ թռչնատեսակի որսն արգելված է և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ է իրականացվել: Լուսանկարներում տեսա, որ 2 հոգի էին և առնվազն մեկն էլ նկարում էր նրանց:
Այս դեպքի վաղեմության ժամկետը սահմանված է 5 տարի, քանի որ սա համարվում է միջին ծանրության հանցագործություն: Միջին ծանրության են համարվում այն հանցագործությունները, որոնց առավելագույն պատժի չափը չի գերազանցում 5 տարին: Նրա մեղավորությունը դեռ պետք է ապացուցել և  նախնական միայն այսքանը կարող եմ ասել»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ լուսանկարում պատկերված անձը՝ 1980թ.-ին ծնված, Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչի Մկրտչյանը ԶԼՄ-ների հետ զրույցում մի դեպքում հայտնել է, որ լուսանկարը 6-7 տարվա վաղեմության է, մյուս դեպքում՝ 10 տարվա: Սակայն, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հրապարակեց. «ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ»: Այսպիսով, եթե ապացուցվի, որ նշված անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել անօրինական որս 2007թ.-ին, ՀՀ օրենսդրության համաձայն հանցագործության վաղեմության ժամկետը կհամարվի լրացած:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը խոսեց նաև «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ իրավաբան Մերի Խաչատրյանի հետ, ով ասաց. «Նրան պետք է հարցնենք իր նկարագրած սցենարն ինչպես է պատկերացնում: Ճանապարհով անցնում է, փողոցում սպանված կենդանիներ է տեսնում, վերցնում և հետը լուրջ դեմքով նկարվում է, գցում է սոցիալական ցանց առանց վերնագիր տալու: Եթե ինքը տեսել է կենդանիները սպանված են, ապա պետք է գոնե մի փոքր նկարագրություն գրեր: Եթե ապօրինություն է տեսել, ուրեմն պետք է դիմեր համապատասխան մարմիններին: Իմ ներքին համոզմամբ հեղինակը նա է այդ սպիտակագլուխ անգղերի որսի»:

Ինչպես նշեց Մերի Խաչատրյանը, ՀՀ օրենսգրքով այս դեպքերում նախատեսվում է և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվություն: «Այստեղ դա կախված է նրանից, թե իր մեղավորությունն արդյո՞ք կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից: Ես ճիշտն ասած կասկասծում եմ, որովհետև Հայաստանի իրավական համակարգին և մթնոլորտին ծանոթ եմ, չեմ կարծում, որ բացահայտեն: Բայց անգղերը չկան՝ սպանված են»,- մանրամասնեց նա:

Մեր հարցադրմանը, թե չունի արդյո՞ք ՀՀ-ը միջազգային պարտավորություններ, քանի սպիտակագլուխ անգղերը ընդգրկված են նաև Միջազգային կարմիր ցուցակում, իրավաբանը պատասխանեց. «Հայաստանի պարտավորությունների մասով պետք է հարցում ուղղեք Բնապահպանության նախարարությանը: Հայաստանի հանրապետությունն ունի մի շարք կոնվենցիաներ լրացրած և բնականաբար Հայաստանը ստանձնել է պարտավորություն, բայց դրա կատարման ուղղությամբ երբևէ հաշվետվություն չեմ տեսել պետական լիազոր մարմնի կողմից: Միայն լսել եմ Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում կամ Էսպոյի կոնվենցիայի շրջանակներում ինչ են խոսել, իսկ կենդանական աշխարհի միջազգային իրավունքի տեսակետից չկա էլ հաշվետվություն, որը կարդացած լինեմ և ձեզ պատասխանեմ: Լիազոր մարմնին հարցրեք՝ այդ մասով Հայաստանն ինչ է անում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում