Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԲՆ-ի և ՀՀ ԱԻՆ-ի միջև

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի միջև: Համաձայնագիրը ստորագրել են վերոհիշյալ կառույցների տնօրեններ Սիմոն Պապյանը, Վլադիմիր Սահակյանը և Լևոն Վարդանյանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով ներկաներին` Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է համագործակցության հեռանկարները և համաձայնագրի շրջանակներում ԳԱԱ-ի կողմից ընձեռվելիք տեխնիկական նոր հնարավորությունները:

Վլադիմիր Սահակյանը նշել է, որ 2009 թվականից համաձայնագրի կողմեր հանդիսացող կառույցները համագործակցում են և ներկայում ստորագրվում է 5 տարվա համար համատեղ իրականացվելիք պիլոտային ծրագրեր:

Սիմոն Պապյանը, ներկայացնելով ԳԱԱ-ի և ՀՀ ԱԻՆ-իհետ համագործակցության հիմնական ուղղությունները, նշել է, որ այս համաձայնագրով այն կդրվի իրավական հիմքի վրա, ինչը կբարձրացնի համատեղ աշխատանքների արդյունավետությունը: 

‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը կարևորել է ԳԱԱ-ի հետ համագործակցությունը, ինչը մասնավորապես նպաստել է հիդրոօդերևութաբանության ոլորտում զարգացումների ապահովմանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է ԳԱԱ-ի գիտական ներուժի օգտագործումը հանրապետության բոլոր ոլորտներում և առաջարկել երեք կառույցների միջև առաջիկայում ստորագրել ավելի ընդգրկուն` շրջանակային համաձայնագիր, ինչը հնարավորություն կտա ԳԱԱ-ին լիարժեք ներգրավվել պետական և դրամաշնորհային ծրագրերին և կուժեղացնի համագործակցությունը գլոբալ կլիմայական փոփոխություններով պայմանավորված զարգացումներին արձագանքելու և մեղմման գործընթացներ իրականացնելու ուղղությամբ: «ՀՀ բնապահպանության նախարարությունում ձևավորելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը` մեր առաջ նպատակ ենք դրել ստեղծել մի համակարգ, որը կիրականացնի շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչներով մոնիթորինգ, քանի որ դրանք փոխկապված են, և կտա լիարժեք կանխատեսումներ: Այդ նպատակներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ գիտականորեն հիմնավորված ծրագրերի իրականացումը»,-նշել է բնապահպանության նախարարը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ողջունելովհամագործակցության հուշագրի ստորագրումը, շեշտել է, որ այն էապես կօգնի իր ղեկավարած գերատեսչությանը արդյունավետորեն լուծել կարևորագույն խնդիրներից մեկը` վաղ ազդարարման և աղետների կանխարգելման հարցը:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլոմների ինստիտուտը համատեղ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների հետ վերջին տարիներին մի շարք աշխատանքներ է իրականացրել բնապահպանական խնդիրները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով լուծելու ուղղությամբ: Մասնավորապես, մթնոլորտ արտանետումների կառավարման բնագավառում ուսումնասիրվել և փորձարկվել են ժամանակակից թվային մոդելներ մթնոլորտային օդի աղտոտվածության գնահատման և կանխատեսման համար, ստեղծվել են տվյալների էլեկտրոնային բազաներ, քարտեզագրվել են մթնոլորտ արտանետումներն անշարժ աղբյուրներից: Սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծման, տվյալների բազաների ստեղծման, մթնոլորտի աղտոտվածության գնահատման, քարտեզագրման, մոդելավորման, ինչպես նաև մոնիթորինգի ավտոմատացված (on-line) համակարգի ստեղծման ուղղություններով:
Համաձայնագրի կնքումը նոր թափ կտա այս աշխատանքներին և հնարավորություն կընձեռի ներդնել գիտական հետազոտություններն արտադրական գործունեության մեջ, կամրապնդի ՀՀ ԳԱԱ և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցությունը:

Ծրագրից ստացված արդյունքները կարևոր են տնտեսության տարբեր ճյուղերի, բիզնես միջավայրի, ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատությունների համար: Ստեղծված էլեկտրոնային կառավարման համակարգերը թույլ կտան բարձրացնել բնապահպանական կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը, կապահովեն տվյալների հուսալիությունն ու հասանելիությունը, կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում