Տավուշի մարզում երաշտը լրջորեն վնասել է ցանքատարածքները

Տավուշի մարզի 62 համայնքից 41-ը սահմանային գյուղեր են, մնացած 22 համայնքները` սահմանամերձ, որոնք անմիջապես գտնվում են սահմանի մոտ: Այս առումով լուրջ խնդիրներ են առաջանում մարզի գյուղատնտեսության ոլորտում, քանի որ որոշ տարածքներ գտնվում են հակառակորդի պարբերական գնդակոծությունների տակ, թույլ չտալով գյուղացուն վաստակել իր օրվա ապրուստը: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մելիքջանյանն ասաց, որ հողատարածքների մեծ մասը գտնվում է չեզոք գոտում, մի մասն էլ պարզապես վտանգավոր է մշակման համար: Իսկ այն հողատարածքները, որոնք հնարավոր է մշակել, նախորդ տարվա աշնանից երաշտի տակ են գտնվում, հատկապես տուժել եւ շարունակում է տուժել հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները: «25 հազար հա վարելահող ունենք, որից մենք աշնանացանն ու գարնանացանը միասին 15 հազար հա ենք մշակում, մոտ 800 հա էլ գարին է ավելացել»,-ասաց նա: Վարչության պետի փոխանցմամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հողամասերը չորացել են, իսկ պոմպակայանները պատերազմական գործողություններից հետո չեն աշխատում: «Նախկինում, հիմնականում սպասարկումը Ջողազի ջրամբարից էր, դեպի Նոյեմբերյան, Կոթի եւ Իջեւանի տարածք, մոտ 6500 հա ջրվում էր, իսկ հիմա արդեն անջրդիի կարգավիճակում են»,-ասաց նա: «Շատ խայտաբղետ աշուն էր, հոկտեմբերից մինչեւ հունվար 1-2 անգամ են տեղումներ եղել, որը խիստ է անդրադարձել աշնանացանների թփակալման վրա, թեեւ ձմեռը ձյուն շատ եկավ եւ բոլորս ուրախացանք, ասեցինք հողը կհագենա, բայց մարտի 15-ից մինչեւ մայիսի 10-ը Տավուշի մարզի միայն Դիլիջան քաղաքում 2 անգամ է տեղումներ եղել: 56 օր անընդմեջ չոր եղանակներ էին, որից հատկապես աշնանացանը տուժեց, ցողունները չբարձրացան, գաճաճ մնացին, հասկերը մանր են, հատիկի ձեւավորումը շատ քիչ է ստացվել: Շատ տարածքներ, որոնց համար մենք 24 մլն դրամի դիմաց ստացել ենք մոտ 150 տոննա ցորենի սերմացու, որոնք պետք է կիլոգրամը 150 դրամով տանք գյուղացիներին, հավանաբար չենք կարողանա, քանի որ  հունձ մեծ մասում չի արվելու, ցողունը շատ կարճ է մնացել»,-ասաց Ամիրջանյանն ու մեկ անգամ եւս շեշտեց, որ հացահատիկի ուղղությամբ վիճակը մարզում շատ վատ է: Այս ամենի հետ մեկտեղ մարզի գյուղատնտեսության ոլորտում դրական կողմեր եւս կան: Վարչության պետի փոխանցմամբ, միայն նախորդ 10 տարիների չափով այս տարի սալորի բերք կա, բալի եւ խնձորի վիճակը կրկին  շատ լավ է, վիճակը բավարար է նաեւ խաղողագործության բնագավառում: «Երաշտը էլի է շարունակվում, ջրերի պակաս կա, բայց մարդիկ չարչարվում են, որ իրենց բերքն աճեցնեն, մեզ մոտ խնդրահարույց է միայն աշնանացանի հարցը»,-ասաց նա: Իսկ անասնապահության ոլորտում խնդիրը կապված է խոտհարքների բացակայության հետ. «Խոտ գյուղամիջյան տարածքներում չկա, գնում են հեռու սարերց հնձում բերում»,-նշեց նա: Սամանամերձ գյուղերի բնակիչները սակայն հույսները չեն կորցնում, նրանց խոսքով, իրենց միայն մի բան է պետք, պետական լուրջ ուշադրություն իրենց նկատմամբ: news.am
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում