Հայաստանում պետք է կիրառվի զանգվածային ստերջացման ծրագիրը. հայ կենդանապաշտպանները՝ Կիպրոսից

Կիպրոսի Նիկոսիա քաղաքում գտնվող հայ կենդանապաշտպաններն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, այցելեցին կենդանիների բարեգործական կացարան: Ինչպես տեղեկացրել ենք, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում մեկնարկում է «Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովը», որն այս տեսակի ամենամեծ միջոցառումն է աշխարհում: Հայաստանից այս համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպությունից և «Դինգո» թիմից:

«Դինգո թիմ» ՀԿ-ի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց. «Կացարանում տեղավորվում էր մոտ 80 շուն և 80 կատու: Տարածքը հսկայական էր և պայմաններն էլ իդեալական էին: Նրանք այս վիճակին հասել էին համագործակցելով պետության հետ, քանի որ պետական մարմինը տրամադրում է լիցենզիա բարեգործական կազմակերպություններին, որպեսզի իրենք զբաղվեն և՛ խնամակալ ունեցող կենդանիների, և՛ առանց խնամակալի կենդանիների խնդիրներով: Օրինակ՝ նրանք կարող են գնալ և առգրավել տանը պահվող կենդանուն, եթե գտնում են, որ այդ մարդը լավ չի խնամում նրան: Այստեղ փողոցներում գրեթե կենդանիներ չկան, բոլորը բարեգործական կացարաններում են: Միայն կատուներ ենք նկատել փողոցներում: Ամենակարևորն այն է, որ նրանք դրան հասել են միայն ստերջացման մեթոդով»:

Ինչպես նշում է մեր զրուցակիցը, միայն ստերջացման մեթոդի շնորհիվ Կիպրոսի փողոցներում այսօր կենդանիներ չկան: Մեր երկիրը այս փորձը կարող է կիրառել, որպես լավ օրինակ, քանի որ սա իսկապես միակ մեթոդն է: «Շատ բան ունենք սովորելու այստեղի կացարաններից, այս համաժողովից և հուսով ենք, որ այս բոլոր գիտելիքներով և մեր տեսած ճիշտ տեղեկություններով կգանք մեր երկիր և կսկսենք բարեփոխումներ անել»,- նշեց նա: 

Կիպրոսի պետական կացարանները, որոնք պետության կողմից են պահվում, կենդանիներին պահում են 15 օր, եթե տերերը չեն գտնվում՝ քնեցնում են, սակայն բարեգործական կացարանները հրաժարվել են քնեցնելու մեթոդից:

«Հայաստանի փողոցներում էլ այնքան կենդանիներ կան, որ բոլորին հնարավոր չէ տեղավորել կացարաններում: Այդ պատճառով պետք է կիրառվի «զանգվածային ստերջացում և վերադարձ» ծրագիրը, որպեսզի խնդիրը լուծվի: Պետք է այս բոլոր երկրների օրինակով հասկանանք, որ եթե մենք ուզում ենք մեր փողոցներում իսկապես կենդանի չլինի, ոհմակներ չլինեն և մարդկանց հետ խնդիրներ չլինեն մենք միմիայն կարող ենք կիրառել զանգվածային ստերջացման ծրագիրը»,- եզրափակեց իր խոսքը Օվսաննա Հովսեփյանը:

Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապի մեջ է մասնակիցների հետ և ակտիվորեն կլուսաբանի համաժողովի ընթացքը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում