«Գեոմայնինգ»-ը մետաղներ է որոնում Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում

«Գեոմայնինգ» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում 2017-2019 թթ-ին երկրաբանական ուսումնասիրությունների փոփոխված ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած հայտից:

Նշենք, որ ներկայացված նախագիծն անցել է հանրային լսումների բոլոր փուլերը, բայց բնապահպանական փորձաքննական գործընթացը դեռ չի ավարտվել:

Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումը գտնվում է Վարդենիս լեռնագագաթից 1-1.2 կմ հարավ, Քաչալսար լեռնագագաթից շուրջ 2.5 կմ հյուսիս-արևմուտք, Գետիկվանք գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևելք: «Գեոմայնինգ» ՍՊԸ-ն երկրաբանահետախուզական աշխատանքներ է նախատեսում իրականացնել «Արծվի», «Հազբի» և «Արջուկ» տեղամասերում: Երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքը զբաղեցնում է 9.16 կմ2 մակերես, հիմնականում գտնվում է Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքի 798.29 հա և Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի 83,76 հա հողերի վրա:

Հանքերևակման 18 տեղամասերի տարածքով հոսում է Եղեգիսի վտակ Սոխուտ գետը՝ իր բազմաթիվ վտակներով: Հանքերևակման շրջանը հարուստ է բնական աղբյուրների ելքերով: Ինչպես նշվում է նախագծի մեջ, ջրային ավազանի աղտոտում տեղի չի ունենա, քանի որ հանքերևակման տարածքում գրունտային ջրերը բացակայում են, իսկ լեռնային աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում:

Վարդենիսի հանքերևակման «Արջուտ» տեղամասից 1.4 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են ՀՀ Բույսերի կարմիր գրքում գրանցված Ոջլախոտ գարշահոտ /Delphinium foetidum/, Սրոհունդ հայկական /Hypericum armena/ և Ոզնաթուփ մեխակի /Acanthalimon caryophyllaceum/ բուսատեսակները: Չի բացառվում նաև Մրտավարդի /Rhododendron/ և հատկապես Կարմիր գրքում գրանցված Մրտավարդ կովկասյանի /Liquidamber styracifula/ ներկայությունը:

Նխագծում գրված է. «Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները պետք է խնամքով հեռացվեն հետախուզափորվածքների տեղամասից…պարտադիր պետք է կատարվեն ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 781-Ն որոշման հավելվածի պահանջները…յուրաքանչյուր տեղամասում մինչև աշխատանքները սկսելը պարտադիր կերպով իրականացվում է խորացված ուսումնասիրություն մասնագետ բուսաբանի և կենդանաբանի մասնակցությամբ Կարմիր գրքում գրանսված տեսակների առկայությունը բացահայտելու համար: Հայտնաբերման կամ կասկածելի իրավիճակներում ուսումնասիրվող տարածքում որևէ աշխատանք չի իրականացվում»:

Հանքերևակման շրջանում հանդիպում են ողնաշարավոր կենդանիների ավելի քան 220 տեսակ: Կան բեզոարյան այծ, հայկական վայրի ոչխար, գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, քարակաքավ, բազմաթիվ ճնճղուկազգիներ, ձկներից՝ կարմրախայտ, կոդակ: Գիշատիչ թռչուններից են սև և սպիտակագլուխ անգղերը, գառնանգղր, քարարծիվը, սև ճուռակը: Շատ են սողունները՝ օձեր (գյուրզա, շահմար) և մողեսներ:

Վարդենիս 1 հանքերևակման տեղամասից 3.6 – 3.9 կմ հեռավորության վրա գտնվում է «Ջերմուկի ջրաբանական», 7.8 – 8.0 կմ-ի վրա՝ «Հերհերի նոսրանտառային», 7.5 – 8.0 կմ-ի վրա՝ «Եղեգիս» պետական արգելավայրերը: Հատկացված տարածքի եզրից մինչև «Սևան» ազգային պարկի մոտակա հատվածը ավելի քան 10 կմ է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում