Ես Ռուբեն Վարդանյանին հարգում եմ, բայց Ամուլսարը վտանգավոր հետևանքներ կունենա. ռուսաստանաբնակ տուրիզմի մասնագետ

«Չեմ կարծում որ ՌԴ-ում ինչ-որ մեկը մտահոգված է կամ գիտի Ամուլսարի խնդրի մասին: Ես զբաղվում եմ տուրերով դեպի Հայաստան և այս հարցը, իհարկե, ինձ շատ է հուզում»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ ասաց ռուսաստանաբնակ լուսանկարիչ, «Photo-Armenia» և «Travel-Armenia» նախագծերի հեղինակ Վիգեն Հախվերդյանը, ով Ամուլսարի խնդրի մասին զրուցել է նաև բարերար Ռուբեն Վարդանյանի հետ:

Նշենք, որ 2016թ.-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն «Լիդիան Արմենիան» ընկերության հետ կնքեց վարկային համաձայնագիր 24 միլիոն ԱՄՆ դոլլար վարկ տրամադրելու մասին, որը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի զարգացման՝ Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Գործարար Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 

Մեր հարցին, թե կարող է այս հանքի շահագործումը լուրջ սպառնալիք հանդիսանալ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման, պարոն Հախվերդյանը պատասխանեց. «Իհարկե, բայց այստեղ հարցը միայն տուրիզմը չէ, այլ Հայաստանի ընդհանուր էկոլոգիական անվտանգությունը»:

Մենք խնդրեցինք նաև մանրամասներ ներկայացնել Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումից. «Ինձ այս երկու օրը շատերն են հարցրել, թե ինչո՞ւ ես նրան այս հարցը տվել: Ես պատասխանում եմ՝ բայց ո՞ւմ հարցնեի: Վաղը եթե Բնապահպանության նախարարության, վարչապետի, նախագահի հետ հանդիպում լինի նրանց էլ կհարցնեմ: Ցավոք, այսօր բիզնեսը իր խնդիրն է լուծում, իսկ ժողովուրդը՝ իր: Եվ մենք պիտի ձգտենք նրան, որ այդ շահերը համընկնեն և դրա համար պիտի ունենանք հնարավորություն իրար հետ շփվելու:

Ես Ռուբեն Վարդանյանին շատ եմ հարգում, և հուսանք նա դեռ շատ լավ բաներ կանի մեր երկրի համար, բայց այս նախագիծը շատ վտանգավոր հետևանքներ կունենա մեր փոքր երկրի համար: Բոլորս պետք է ջանք գործադրենք, որ այս ծրագիրը կանգնեցվի:

Բայց հարցը միայն Ամուլսարի խնդիրը չէ, այլ ողջ հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանում, որը ոչ մի նորմեր չի պահպանում և թողնում է մեզ շատ մեծ վնասներ. երեկ՝ Թեղուտը և Քաջարանը, այսօր՝ Ամուլսարը, վաղը՝ Արդվին: Բացի հանքերից ունենք նաև փոքր ՀԷԿ-երի խնդիր, երբ գետերը մցնում են խողովակների մեջ, ունենք ահռելի ծառահատումների խնդիրներ, ունենք աղբի խնդիր և այլն: Դրա համար ամեն օր պիտի աշխատենք այս խնդիրների լուծման ուղղությամբ, ոչ թե՝ հակառակը»,- եզրափակեց իր խոսքը «Photo-Armenia» և «Travel-Armenia» նախագծերի հեղինակ Վիգեն Հախվերդյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում