Երեխան կարող է կուլ տալ դելֆինի արտաթորանքը. Դիլիջանում անցկացվող դելֆինոթերապիայի իրական վտանգները

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին կենդանապաշտպանները հերթական անգամ ահազանգեցին անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների՝ այս դեպքում դելֆինների մասին: Ասուլիսի մասնակիցներն էին իրավապաշտպան, կենդանապաշտպան Նարե Արամյանը, բնապահպան, "Help Dolphins" նախաձեռնության հիմնադիր Սիլվա Ադամյանը, նույն նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը, ինչպես նաև դելֆինների ազատության համար պայքարող և խնդրի շուրջ գործարար մարդկանց միավորող ակտիվիստ, Դիլիջանում գործարարության զբաղվող Վարդա Ավետիսյանը:

«Լողավազանի քլորացված ջուրը վնասակար է կենդանիների առողջությանը, նրանց աչքերը վնասվում են, կենդանիները կուրանում են: Այս դեպքում, ի՞նչ է անում դելֆինարիայի տերը: Տեղափոխում է դելֆիններին այնպիսի տեղ, որտեղ ծովային համակարգ կա: Այնտեղ կենդանիները վերականգնվում են, ինչից հետո տերը նրանց ետ է բերում, շահագործում է ևս 2-3 տարի, ստեղծվում է նույն վիճակը և այդպես շարունակ: Տարիներ առաջ մենք ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի ջրային կենդանիների ուսումնասիրության կենտրոնից մի եզրակացություն ստացանք, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի, եթե Հայաստանում դելֆինարիա գոյություն ունենա: Մենք այդ եզրակացությունը ցույց տվեցինք թե՛ Բնապահպանության նախարարությանը, թե՛ այլ պատկան մարմինների, բայց պետական մակարդակով որևէ լուծում չստացվեց:

Ընդհանուր առմամբ խոսել դելֆինարիայի մասին Հայաստանի պայմաններում հանցագործություն է: Ես պատրաստվում եմ դիմել նոր ստեղծված տեսաչական մարմին»,- ասաց ասուլիսի բանախոս, կենսաբան Սիլվա Ադամյանը:

Բանախոսներից մյուսը՝ Նարե Արամյանը, անդրադարձավ նաև խնդրի իրավական կողմին. «Ցավալիորեն պատկան մարմինները ոչ միայն ուշադրություն չեն դարձնում, այլև ունեն բացարձակ միաբջջի մտածելակերպ: Եկեք պայմանավորվենք. դելֆինը կաթնասուն է, ձուկ չէ, որին եթե կպնես կամ անգամ հում վիճակում դնես բերանդ քեզ ոչինչ չի լինի ասկարիդից բացի: Եկեք գնանք դաշտ արածելու կովերի հետ կամ այնպիսի կաթնասունների, որոնք անհամեմատ ավելի անվտանգ են մարդու համար, քան այդ դելֆինները: Եվ եթե մենք հասկանում ենք, թե ինչքան լավ կենդանի է դելֆինը, որքան բարձր է նրա ինտելեկտուալ մակարդակը և որքան բան մարդը կարող է սովորել այդ կենդանիներից, ապա պետք է հասկանանք նաև, որ դա կարող է տեղի ունենալ միայն նրանց բնամիջավայրում: Չմոռանանք նաև, որ նման կենդանիները հաճախակի հարձակվում են նաև, հատկապես երեխաների վրա՝ պատճառելով նրանց մարմնական վնասվածքներ: Եվ ի՞նչ ենք ուզում լինի, սպասո՞ւմ ենք մինև դելֆինը երեխա ուտի:

Նարե Արամյանը կրկին անդրադարձավ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին՝ նշելով, որ արդեն գրեթե 2 տարի է անցել, բայց այդ օրենքում այդպես էլ ոչինչ չփոխվեց: Բանախոսի պնդմամբ, առաջնային խնդիրը հենց օրենքի անկատարության մեջ է, քանի որ եթե օրենքով սահմանվեն համապատասխան պատժամիջոցներ նման դեպքերում, առաջացած խնդիրներն արդեն հնարավոր կլինի հեշտությամբ կարգավորել: Նարե Արամյանը և մյուս բանախոսները նշում են, որ երբ տեղի ունեցան Հայաստանի համար ոչ պատվաբեր Գյումրու գազանանոցի դեպքերը և երբ բարձրացավ միջազգային աղմուկ, ԱԺ-ում կազմակերպվեցին լսումներ, որոնց մասնակցեցին նաև իրենք: Արդեն անցել է բավական ժամանակ, բայց նրանք դեռ սպասում են հաջորդ լսման կազմակերպմանն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացմանը: Դելֆինների հետ կապված այս խնդիրը կարող է հաջորդ խայտառակ միջադեպը լինել Հայաստանի համար, որը մեր պետության վարկանիշն արդեն կգլորի դեպի խոր անդունդը:

Նարե Արամյանն ասաց նաև. «Կղանքի փաստը երևի միակ փաստարկն է, որն ազդում է մեր բնակչության վրա: Ձեր երեխան կուլ է տալու այլ կաթնասունի կղանք, որը ոչնչով չի տարբերվում մարդկայինից, որովհետև վտանգները բացարձակ նույնն են»:

Ասուլիսին ներկա էր նաև ԱՄՆ-ից հայաստան տեղափոխված, Դիլիջանում գործարարությամբ զբաղվող ակտիվիստ Վարդա Ավետիսյանը: Վերջինս պատմում է՝ Դիլիջանում նման զվարճանքի կենտրոնի մասին վատ արտահատվելուց հետո իր բիզնեսի նկատմամբ սկսվել են ճնշումներ:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում