Կենդանիների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են. փոխնախարարը խոստացել էր խստացնել օրենքը

ՀՀ-ում շարունակում է չլուծված մնալ կենդանիներին անազատության պայմաններում պահելու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ հաճախ ՀՀ գործող օրենքը «Կենդանական աշխարհի մասին» թույլ է տալիս վայրի կենդանիներին պահել միջազգային ստանդարտների չհամապատասխանող և ընդհանրապես մարդկային «խղճից» դուրս տարածքներում՝ անտեսելով կենդանիների բնական կարիքները: Հաճախ անազատության և ոչ մարդկային պայմաններում են պահվում անգամ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը բազմիցս անդրադարձել է այս խնդիրներին՝ ահազանգելով դեպքերի մասին: Օրերս համացանցում հայտնվեցին լուսանկարներ հայտնի ժամանցի վայրից, որն առաջարկում է իր նոր ծառայությունը՝ լող դելֆինների հետ: Այս հանգամանքն առաջացրել է բազմաթիվ բնապահպանների, կենդանասերների և ուղղակի մտահոգ մարդկանց զայրույթը: Լուսանկարներում երևում է, որ լողավազանի չափերը միանշանակ չեն համապատասխանում «օվկիանոսին վարժված» կենդանիների պահանջներին: 

Նշենք, որ այս տարվա հուլիս ամսին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ շուտով խնդիրը լուծում կստանա օրենքի ուժով: «Անազատության և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահման խնդիրների կարգավորումը գտնվում է Կառավարության գերակա խնդիրների շարքում և մենք մի շարք գործողություններով ձեռնամուխ ենք եղել այս խնդրի կարգավորմանը: Մենք փոփոխություններ ենք նախատեսել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում, որն այս պահին գտնվում է Կառավարությունում: Փոփոխություններով նախատեսված են հստակ մոտեցումներ, խստացումներ, նոր մոտեցումներ: Հույս ունենք, որ մինչև ԱԺ աշնանային նստաշրջան հնարավորություն կունենանք վերջնական տեսքի բերված փաթեթը ներկայացնել ԱԺ դատին»,- մեզ հետ զրույցում ասաց նա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում