«Լիդիանը» միայն ֆինանսավորում է. «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը կտևի մոտ 5 տարի

««Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով, որոնք տրամադրվել են «Lydian International»-ի կողմից: Թեև «Lydian International»-ը հանդես է գալիս որպես ֆինանսավորող կողմ, պարկի ստեղծման աշխատանքները իրականացվում է TEC (Treweek Environment Consultants) անկախ գործակալության կողմից` Երևանում ստեղծված ծրագրի համակարգման գրասենյակի միջոցով: Այն կգործի մոտ 5 տարի: Պարկն ամբողջապես ստեղծելուց հետո այդ փաթեթն օրենքով կներկայացվի Կառավարությանը»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը, ով ներգրավված է նաև «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման աշխատանքներում:

«Մանրամասները դեռ հայտնի չեն և գտնվում են քննարկման մեջ: Ինչպես տեղյակ եք, «Lydian International»-ը Բնապահպանությանը նախարարությանը տրամադրեց մոտ 6 մլն դոլար որպես կոնպենսացիոն միջոց՝ ի փոխհատուցումն այն վնասի, որը կհասցվի շրջակա միջավայրին Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում: ՀՀ Կառավարությանն առաջարկություն է արվել ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկ, միավորելով ՀՀ Վայոց ձորի մարզում պետական արգելավայրերը («Հեր-հերի» նոսրանտառային, «Ջերմուկի» անտառային, «Ջերմուկի» ջրաբանական արգելավայր) և այդ պարկի ստեղծման միջոցով նախադրյալներ ապահովել կենսաբազմազանության արդյունավետ պահպանման, էկոլոգիական միջանցքների ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար»,- մանրամասնեց նա:

Զրույցում տիկին Բալյանը նշեց՝ քանի որ մեր գրեթե բոլոր պահպանվող տարածքները պետական են, ակնկալում եմ, որ «Ջերմուկ» ազգային պարկն էլ պետք է ունենա պետական կարգավիճակ: Չնայած Հայաստանում գործում է ԲՀՊՏ-ների ևս 2 կարգավիճակ (մասնավոր և համայնքային՝ վերջինս ստեծղվել է նաև «Բնության պահպանության միջազգային միության» կողմից սահմանված հատուկ պահպանվող տարածքների V կատեգորիայի համաձայն), սակայն այդ երկու կարգավիճակները ամրագրված չեն ներկայումս գործող ՀՀ օրենսդրությամբ: «Ժամանակին կար օրինագիծ, որը ներկայացվել է կառավարության ՄԱԿ-ի գրասենյակի կողմից, բայց այդ նախագիծը չի հաստատվել: Այսօրվա օրենքին համաձայն, «Ջերմուկ» ազգային պարկին կարող է շնորհվել միայն պետական կարգավիճակ»,- ասում է Լյուբա Բալյանը:

Տիկին Բալյանը՝ հանդիսանալով էկոլոգ և բնույթով բնասեր, ասում է. «Ես ներգրավվել եմ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրում միայն այն պայմանով, որ դա պետք է լինի ուրիշ փորձ: Այսօր, երբ տարածքը հռչակվում է հատուկ պահպանվող, ես դրա մեջ ավելի սպառնալիք եմ տեսնում, շատ մարդկային և պարզ պատճառով, որովհետև եթե կա տարածք, որն իր կյանքով է ապրում ու ինչ-որ մեկը փորձում է այդտեղ ինչ-որ բան հռչակել, ստեղծում է ինֆրաստրուկտուրա, այդ տարածքը դառնում է մարդու կողմից կառավարվող ինչ-որ մի հաստատություն` հաճախ ծառայելով սեփական շահերին, սա նշանակում է, որ մարդն արդեն ներխուժում է այդ տարածք: Բայց ես դեռ հույսեր եմ փայփայում, որ սա կլինի մի քիչ այլ տեսակի կառույց, կունենա կարավառման նոր ձևաչափ, և կծառայի միայն բնության շահերին»:

Մեր հարցին, թե գործընթացը ո՞ր փուլ է թևակոխել, տիկին Բալյանը պատասխանեց. «Այժմ ճշգրտվում և հստակեցվում են ազգային պարկի տարածքի սահմանները, իրականացվում են գոտիավորման աշխատանքներ, որոշակի ծավալով մեր կողմից իրականացվել է նաև բուսական ծածկի հետազոտություններ: Ընդ որում, մասնագետներ են հրավիրվել նաև արտասահմանից: Սկսվել է նաև քարտեզագրման աշխատանքները, իսկ կենդանական աշխարհի ուսումնասիրությունները դեռ շատ չեն ծավալվել, ուսումնասիրվում են հիմնականում արջերի պոպուլյացիան, նրանց տեղաբաշխվածությունը, կերային բազան, ինչպես նաև թռչունները: Դեռ պետք է իրականացվեն հետազոտական աշխատանքներ և այդ տվյալների հիման վրա որոշվի, թե որ տեղանքը պետք է ընդգրկվի պարկի սահմանների ներսում, որը՝ ոչ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում