Կարինե Փանոսյան. Մահացող անտառներ

Մեր մեքենան կանգ առավ «Լոռի» հանգստյան տան մոտ։ Ճանապարհը, որ մինչ այժմ խելահեղ խաղերով շոյում էր աչքերս, խոստանում էր բուռն ու արկածալի երկու անհա­վանական օր։ Բայց ամեն ինչ ավելի տաք էր լինելու, քան կարող էր պայծառ երևակայությունս ենթադրել։

Ես ու ընկերներս` Վահրամն ու Արմենը, սկսեցինք բարձրա­նալ լանջն ի վեր։ Մեր ոտքերի տակ մահացող տերևների հոգոցն էր մարում, իսկ գլխավերևում արևն ու քամին տերևաթափի մա­սունքներից վարագույր էին ծածանում։

Ճանապարհն անցնում էր՝ ոչ վաղ անցյալում խիտ անտառի սպիերի միջով։ Աջ կողմում ձորն էր, որ միլիոնավոր տարիների ընթացքում առաջացել էր գետակի համառության հաշվին, իսկ ձախ կողմում՝ անտառը, կամ դրա մնացորդը։ Շատ չէինք բարձրացել, ընդամենը հարյուր մետր, իսկ առաջին հատատեղին հենց ճանապարհին էր, որը բացվել էր ծառասպանդի համար։ Այդ ճանապարհը չէր կարող բահով փորված լինել։ Այն բա­վականին դժվարանցանելի էր։

Կանգ առանք առաջին հատատեղին զննելու։ Ամեն ինչ պարզ էր կես ակնթարթից՝ ապօրինի ծառհատումներ են։ Ոչ մի նշան, ոչ մի ակնարկ, որ դա թույլատրելի սահմաններում է արվել, լանջի տեքությունը բավական էր, որպեսզի այլ հետախուզական քայլ չարվի։

Այսպես գնացինք-գնացինք՝ անընդմեջ հանդիպելով նույն իրավիճակին, հաստաբուն ու հսկա ծառերի աճյուններին բախվելով ու սարսռելով, ինչը հազար անգամ ավելի սարսափելի էին, քան մասրենիների հանդուգն խայթոցները: Շուտով ճանապարհը դարձավ անանցանելի, սակայն անանցանելի՝ մեզ համար, բայց ոչ, ավաղ, ծառագողերի։ Նրանք հասել էին ամենահեռավոր ու խրթին լանջերն ու իրենց հետքը թողել նեխած գերանների մնացորդների տեսքով։

Հասել էինք մի բարդագույն հատվածի, որից առաջ անցնել չէինք կարող։ Ընկերներս՝ Վահրամն ու Արմենը, որ ինձ կատակով կոչում էին «անհույս քաղաքացի», երբեմն ինձ խնայելու որոշումներ էին կայացնում` հասկանալով, որ չեմ կարող հաղթահարել այս կամ այն անցումը։

Վերադարձանք ձորակ, գետն անցնելուց կանգնեցի մի մեծ, բայց ճոճվող քարի վրա ու ընկա։ Վնասվածքներ ստացա, բայց ինձ համոզեցի, որ պիտի խիզախորեն հաղթահարեմ։ Այդպես սկսեցինք բարձրանալ դիմացի՝ առավել թեք (մոտ 50-60 C°) ու սայթաքուն լանջով, ուր մասրենիների փոխարեն մեր դեմ ճակատամարտի դուրս եկան եղինջները։ Այս լանջն առանձնահատուկ էր իր սնկերի բազմազանությամբ։ Սպիտակից սև, կապույտից վարդագույն, ամենաանհավատալի ձևերի, գույնի ու չափսերի սնկերի կայսրություններ էին, որոնցից յուրաքանչյուրն արժանի էր պատմություն դառնալու, բայց ոչ տեղն էր հարմար, ոչ մեր ժամանակն էր թույլ տալիս բոլորին մտապահել մեր նկարահանող սարքերի հիշողության պահոցում։

Այս լանջին նույնպես երկար դեգերել չէինք կարող։ Վերադարձանք մեր սկզբնական կետին ու ճանապարհը շարունակեցինք բենզասղոցների ձայների ուղղությամբ, ուր մեզ սպասում էին թարմ հատված ծառերի հետքերն ու դրանք քողարկած ամենատարբեր տեսարանները։ Ողջ օրվա ընթացքում մեր ականջին հասած սղոցի ձայները լռել էին, բայց ծառերի մորմոքը շարունակվում էր օդում ճոճվել թեփի բույրի դիմակով։ Տեսարանն ամեն քայլափոխի կրկնվում էր՝ հատված հաստաբուն ծառեր, ճյուղերով, տերևներով ու հողով քողարկված բներ, ամենուր թափթփված հաստ ու բարակ ճյուղեր, որոնք, անհասկանալի պատճառներով, մնացել էին տարածքում։

Ողջ օրը մեզ հանդիպած տեսարանները երբեմն մեղմանում էին շրջապատող անտառային տեսարանների հիացնող տպավորություններից։ Գույների մրջնանոցն այնպիսի ներդաշնակությամբ էր մխրճվել անտառային բովանդակության մեջ, որ թվում էր, թե բնությունը նկարիչներից է գողացել իր հմտություններն ու ստեղծել իրականությունից հեռու մի հորինված գեղանկար, որն արված է մարդու հոգին ու աչքը հմայքից կուրացնելու նպատակով։

Օրվա ավարտին՝ հոգնած ու մրսած, իրար շղթայված հակասական ու աններողամիտ զգացողություններից հետո հասանք Դսեղ։ Մեզ դիմավորեց հյուրատան տիրուհին։ Ազնվական շարժուձևով, զուսպ պահվածքով ու մեղմ, կանացի տանտիկինն իր կացարանը հրամցրեց մեզ, որպես մեր ամենահարազատ ու սովորական կենավայր, ուր չկար ոչ մի օտարություն ու խորթություն։ Հին օրերը հիշեցնող վառարանը ջերմ զգացողություններ էր առաջ բերում։

Առավոտյան խիստ համեղ նախաճաշից հետո պիտի շարունակեինք մեր ճամփորդությունը։ Մեքենան, որը մեզ պիտի ուղեկցեր նպատակավայր, չուշացավ։ Հետազատողների առաջին խմբին տանելուց հետո, մեքենան մեզ ուղղորդեց դեպի մեր խարսխավայր։ Ճանապարհն անցնում էր ձորերի և լեռների գրկախառնության միջով, ուր գույների համբույրը կրքոտ սիրախաղ էր ցուցադրում։ Նախորդ գիշերվա սուր տպավորություններից ու դրանց ազդեցությամբ խախտված քնից ոչ մի հետք չմնաց և դա հենց այդ չքնաղ տեսարանների շնորհիվ։

Բայց առջևում նոր արկածներ էին դարանակալել։ Դեռ նպատակավայր չհասած ամեն կողմից լսվում էր բենզասղոցների ձայնը, և այն լրացվում էր մեքենաների ոռնոցներով։ Ակնհայտ էր, որ մեզանից ոչ հեռու անտառասպաններն են գործում։

Հատեցինք գետը։ Ճանապարհը թաց էր, իսկ մեքենաների հետքերը՝ թարմ։ Սկսեցինք բարձրանալ անծանոթ լանջով, որը սակայն օտար չթվաց։ Տեսարանն իր գեղեցկությամբ շնչահեղձության աստիճանի գեղեցիկ էր, այնքան գեղեցիկ, որքան նախորդ օրվա պատկերներն էին։ Ամենուր սփռված լեռներից բուրող աշնան ուրույն ծխահոտն էր, որ հոգեցունց էր իր բոլոր տեսանկյուններով։ Իրար մեջ ձուլված ծառերի գունախառնուրդը ծեփվել էր մառախուղի ուրվագծում պատսպարվող լեռնահյուսքերի մակերեսին ու ծիծաղում էր մարդկային պարզամտության վրա։ Թվում էր, որ Երկիր մոլորակի բոլոր գույները խաչասերվել էին մեկ վերնագրի ներքո՝ որպես քնից առաջ մերկացող աստվածուհի, որը պարծենում է իր բոլոր բարեմասնություններով։ Այդ ամենն այնպես է թմրեցնում, որ հատված ծառի կոճղը նմանվում է շիկացած շամփուրի, որով խոցում են ուղեղիդ մայր բջիջներն ու բռնանում խղճիդ վրա։ Մտքում ուզում ես, որ բենզասղոցի տերը հայտնվի այն ծառի տեղում, որին սպանում է նպատակասլաց կերպով, հայտնվի նրա տեղում և գիտակցի, զգա, թե դանդա՜ղ, սրտի ամենախորը լարերին հասնող աղերսագին ճռռոցով ինչպես է վայր ըկնում հաստաբուն մի գեղեցկուհի ու դղրդյունով ալիք բարձրացնում շուրջը։ Այդ ալիքը, ասես, հասնում է մաշկիդ ու ապտակում, ինչպես ծնողն է ապտակում իր անարժան զավակին, որը չի կարողացել պահպանել որդիական պարտքը։ Զգում ես այդ ամենն ու սառում։ Ներսում գոյացող դատարկությունն այդ ցնցումից հետո լիովին իմաստազրկվում է, կյանքի բոլոր նպատակները վերածվում են գունատ ու տձև անգոյության։ Ոտքերդ չեն շոշափում ճանապարհն ու թվում է, թե քայլում ես բթացնող փշերի վրայով, որոնք ավելի սուր լինել չեն կարող, քան մահացող ծառի հոգեվարքը։ Սպանում են անտառը։ Սպանում են, մինչ դու փորձում ես գնտել այն առվակը, որով կարող ես սնուցել նրա չորացող արմատները։

Այսպես բթացած քայլում էի։ Տղաները չէին մոռանում պարբերաբար հարցնել, թե ինչպես եմ։ Ես հերոսաբար հաղթահարում էի զայրույթս, վախս, նախորդ օրվա ընթացքում ստացած վնասվածքների ցավերը, որոնք գիտակցությանս ուժով խեղդում էի՝ հիշելով, որ իմ ցավն ավելի ուժգին չի կարող լինել ու անհանգստացնել, քան քիչ առաջ ինչ-որ մեկի ստամոքսի համար թղթի վերածվող բջիջավորի տառապանքը։

Անհույս ու գունատ հոգիս այդպես՝ ծառերի հետ կմեռներ, եթե փրկության չհասներ կարմրագույն, չարաճճի սկյուռը, որ մեր մոտեցող քայլերից վախեցած շտապեց հասնել իր բույնը։ Որքա՜ն սիրուն էր այդ չարաճճի ցատկը, որն աչքիս առաջ քարացավ, որպես նախամարդու փորագրած ժայռապատկեր:

Հեղինակ՝

Կարինե Փանոսյան

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում