«Մարդածին կամ տեխնածին». նախարարը բացառում է եղանակային պայմանների գործոնը

«Գիհուտների անվերականգնելի վնաս կա, 200 հա գիհու անտառ է այրվել: Այրված խոտածածկ տարածքները կազմել են 1100 հա, սրանք կվերականգնվեն աշնանային ու գարնանային անձրևների ժամանակ: Կաղնուտների մասով գրեթե կորուստ չունենք: 2200 հա վառված տարածքի մեջ կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը՝ ամփոփելով նախարարության աշխատանքի մեկ տարին: 

Նշենք, որ գիհուտների վերականգնումը երկարատև գործընթաց է: Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, գիհուտների վերականգնումն առավել նպատակահարմար է իրականացնել բնական եղանակով՝ առանց միջամտության: Գիհուտների վերականգնումը կարող է տասնամյակներ և անգամ հարյուրամյակներ տևել: Նախարարն այսօր ասաց, սակայն, որ անտառ այց կատարած ամերիկացիներն առաջարկում են գիտական գործողություններ իրականացնել, որը հնարավորություն կտա ավելի արագ աճել գիհուտներին:

Ուշագրավ է, որ նախարար Արծվիկ Մինասյանը բացառեց եղանակային պայմանների գործոնը Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկման հարցում: Ըստ նրա, միաժամանակյա 3 օջախ է եղել, ինչը եղանակային պայմաններով պայմանավորելն անհնար է: «Սա կարող էր լինել միայն կայծակի դեպքում: Այսինքն` եղել են այլ գործոններ` մարդածին կամ տեխնածին»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` համակարգային փոփոխություններ են իրականացվելու` դեպքերը կանխելու ուղղությամբ: «Խոսրովի արգելոցի տարածքները նախատեսվում է ընդլայնել, որպեսզի ստեղծվեն բուֆերային գոտիներ: Այսօր տարբեր հատվածներից ունենք խոցելի տեղեր: Գիլանի հատվածում, որտեղ բնակիչներ են ապրում, կարգավիճակը պետք է փոխվի, որ ուժեղացվի պաշտպանությունը»:

Արծվիկ Մինասյանը նաև անդրադարձավ հրդեհի հետևանքով կենդանական աշխարհի վրա ազդեցությանը: «Խոշոր կենդանիների մասով կորուստ չենք արձանագրել, սակայն մորեխների մասով ունենք անկումներ, իսկ սողունների անկումները՝ փոքր քանակությամբ են: Մենք խոշոր կենդանիների որոշակի տեղաշարժ ունենք, բայց նկատվում է վերադարձ իրենց բնակատեղիները»,- ասաց նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում