Աղտոտված տարածքներում հանդիպում ենք լքված, չորացած այգիների, իսկ մարդիկ սկսում են գաղթել

«Մենք արդեն 3 տարի է գնում ենք այդ տարածքները, ամեն տարի մարդիկ սկսում են գաղթել, հողերն են չորանում, անգամ ոչ բոլոր տեղերից ենք կարողանում նմուշ վերցնել: Շատ ժամանակ տեսնում ենք լքված այգիներ ու առանց զգուշացնելու մտնում վերցնում ենք նմուշներ: Նույն բանն Ախթալայում է, Քարկոփն էլ ենք ուսումնասիրել, Ալավերդու կողմերը: Բոլորն էլ աղտոտված են տարբեր էլեմենտներով»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ խոսելով ՀՀ-ում սննդի շղթայի վրա լեռնահանքային արդյունաբերության ազդեցության մասին: 

«Հետազոտությունների ընթացքում ոչ մեկս երաշխավորված չենք դեպրեսիաներից, որովհետև դա հնարավոր չէ: Վերջիվերջո դու քո երկրում ես այդ հետազոտությունն իրականացնում, դու այդ գյուղական համայնք ես գնում, հանդիպում ես այդ մարդկանց հետ, տեսնում ես նրանց հիվանդությունները, մարդիկ քո հետ անկեղծանում են: Երբ վերադառնում ես և բնականաբար այդ ամբողջ տեղեկությունները մարսում ես, իսկ մյուս կողմից տեսնում ես մարդկանց, ովքեր լավ ապահովված են և հասկանում ես, որ օդից այդ ապահովվածությունը չեկավ, ուրեմն ինչ-որ սեփական շահեր կան»,- ականատեսի աչքերով ներկայացրեց Դավիթ Պիպոյանը:

Նշենք նաև, որ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում' ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա: 

ՀՀ-ում ուրանի առկայության մասին պարոն Պիպոյանը պատասխանեց. «Մենք այդ շրջանում ռադիացիոն հետազոտություններ չենք իրականացրել, որովհետև ինչպես ասացի, մեր հետազոտությունների փիլիսոփայությունը եղել է հետևյալը. ուսումնասիրվել են հողերը, հողահանդակները, որից հետո ջրերը, մասնավորապես՝ ոռոգման ջուրը: Երբ մեր գործընկերները հայտնաբերեցին, որ տարբեր էլեմենտներ միգրացիա են կատարում, մենք այդ էլեմենտների առկայությունն ուսումնասիրեցինք պտուղ բանջարեղենում: Մենք գիտական կենտրոն ենք և այս հետազոտությունը իրականացրել ենք միջազգային դրամաշնորհի արդյունքում, այլապես երբևիցե մեր տարեկան բյուջեն չէր բավարարի նմանատիպ մեկ հետազոտության: Ուսումնասիրվել է մոտավորապես 200 հատ սնունդ, որի մեջ՝ 9 էլեմենտ, այսինքն ընդհանուր 1800 փորձաքննություն: Նմանատիպ հետազոտությունների համար, ցավոք սրտի, պահանջվում է մեծ քանակությամբ գումար: Փաստացի, եթե չլիներ այդ դրամաշնորհային ծրագիրը, մեր երկրում այս պատկերի մասին մենք չէինք իմանա, որովհետև պետությունը չի ֆինանսավորում, որպեսզի գիտնականը և ոչ միայն գիտնականը՝ նաև իրենք հասկանան՝ ինչ իրավիճակ է: Միթե՞ մեր երկրի քաղաքացիների անվտանգությունը բնավ չի հետաքրքրում պետական մարմիններին: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ սա ինչի՞ արդյունք է: Սա սեփական հետաքրքրություններն են, թե՞ կան կոնկրետ մարդիկ, ովքեր նշանակվում են պաշտոններին թիրախավորված ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար: Էկրանից նայում ես թվում է նորմալ մարդ է, մեզ նման, նույն միս ու արյունից, բայց...»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում