Ամուլսարի խնդրի մասին կբարձրաձայնեմ ոչ միայն ԱԺ-ում. Մանե Թանդիլյան

«Ես գտնում եմ, որ հանքարդյունաբերությունը արդյունաբերության մի տեսակ է, որը կարելի է թույլատրել որոշ դեպքերում, բայց այն պետք է լինի շատ պատասխանատու կերպով կազմակերպված, ինչը մեր պետությունը և իշխանությունն այսօր ի վիճակի չեն անելու»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Պատգամավորը ներկա էր նաև «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» հեղինակային ֆիլմի առաջին ցուցադրությունը: Այս մասին նա ասաց. «Հրավերը ստացել եմ հենց հեղինակից: Ինքն իսկապես ուզում էր, որ ես դիտեմ: Հրավերը ստանալուն պես, երբ հասկացա ինչ ֆիլմ է լինելու, որոշեցի անպայման գալ և մասնակցել, դիտել և խորամուխ լինել խնդրին ավելին, քան թե մենք մակերեսային գիտենք: Իրականում պարզ է, որ ամեն ինչով զբաղվելու հնարավորություն չի լինում, բայց նման միջոցառումները շատ անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք բարձրաձայնել բոլոր այն հարթակներում, որտեղ ունենք այդ հնարավորությունը և այն միջոցներով, որոնց տիրապետում ենք: Բնականաբար, ես այնտեղ որոշակի օրենսդրական հղումներ տեսա, ես ճշտումներ կանեմ, նաև փորձագետների հետ ծանոթացա, որոնց հետ կապ կպահպանեմ և տեսնենք ինչ կարող ենք անել մեր երկիրը նման անպատասխանատու հանքարդյունաբերողներին տրամադրելու դեմ: Մեզ ընդհամենն անհրաժեշտ են ՀՆԱ ցուցանիշեր և դա այն է, ինչի պատճառով այս հանքարդյունաբերող ընկերությունները գալիս են Հայաստան, ինչպես դուք ինքներդ գիտեք, մենք արագ կերպով տրամադրում ենք թուլտվություններ: Ես հասկանում եմ շահագրգռվածությունը, բայց նման քայլի գնալ առանց հաշվի առնելու առողջությունը, բնությունը և մնացյալ բազմաթիվ խնդիրները, որոնք առաջացնում են նման գործարարները»:

Մենք հետաքրքրվեցինք, թե պատրաստվում է արդյո՞ք տիկին Թանդիլյանը խնդրի մասին բարձրաձայնել ԱԺ-ում. «Տարբեր հարթակներ են լինելու՝ ոչ միայն Ազգային ժողովում: Բարձրաձայնելն այս դեպքում միայն բավական չէ և պետք է ուղղակի խորամուխ լինել թե՛ իրավական տեսակետից, թե՛ մեր պետության վրա ազդեցության ոլորտից, և թե՛ միջազգային հարթակներում ՀՀ ունեցած պատասխանատվությունից, իսկ իրականում կան նման պատասխանատվություններ: Ես տարբեր տեսանկյուններից դիտեցի ֆիլմը և պետք է մտածեմ՝ ինչ կարող ենք անել, այս ամենը կանխարգելելու համար»:

Իսկ մեր հարցադրմանը, թե հնարավոր կլինի արդյո՞ք հասարակության լայն շերտերին ներգրավել խնդրի լուծման գործում, պատգամավորը նշեց, որ հասարակությունը շատ անտարբեր է դարձել և կարծես արդեն իմունիտետ ունի նման խնդիրների նկատմամբ: «Կարծում եմ նաև, որ դա անտեղեկացվածության արդյունք է: Մարդիկ պետք է հասկանան, թե ինչպիսի ազդեցություն է ունենում իրենց կյանքի վրա, երբ նրանք իշխանական լծակներ են տալիս մի կուսակցության և մի իշխանության, որն ընդհանրապես հոգ չի տանում քաղաքացիների բարեկեցության, կյանքի, առողջության մասին: Եվ առհասարակ մեր պետությունը երկարաժամկետ մտածելակերպ չունի, որովհետև պետության զարգացման գրավականը նրա քաղաքացիներն են՝ առողջ, աշխատող, բնությունն է, որը պետք է լինի պահպանված: Պետության երկարակեցությունը բնական ռեսուրսները պահպանելու մեջ է: Այո՛, հանրությունը պետք է տեղեկանա, բայց մեծ հույսեր այս պարագայում չեմ կապում, որովհետև նաև ֆիլմը դիտելուց ես հասկացա, ըստ էության, գյուղացիները համաձայնվել, հաշտվել և ընդունել են այդ պայմանները»,- եզրափակեց նա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում