Հայկ Մարությանը վստահաբար կպայքարի Ամուլսարի խնդրի լուծման համար

«Այս խնդիրը շարունակությունն է մեր մյուս բոլոր խնդիրների: Բնապահպանությունից գնում է քաղաքականություն, իրար հետ փոխկապակցված է ամենը, և կա 3-րդ ամենաբարդ հանգամանքը՝ փողը, որի դեպքում երկու ասպարեզում էլ խնդիրներ ունենք»,- այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց դերասան Հայկ Մարությանը, ով ներկա էր «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» հեղինակային ֆիլմի առաջին ցուցադրությունը:

Ցուցադրությունից հետո դերասանը կիսվեց իր տպավորություններով. «Ֆիլմը նկարահանել է իմ շատ լավ ընկերը և մասնակցել եմ իր հրավերով: Բացի այդ, ինքս էլ հետաքրքրված եմ այս հարցերով: Կարող եմ ասել, որ նա Հայաստանի ամենաանկախ լրագրողներից մեկն է: Այդ առումով, ֆիլմը շատ օբյեկտիվ է ներկայացված և ոչ մի կողմի սուբյեկտիվությունը պահված չէ: Շատ դուրս եկավ ֆիլմը: Այն շատ լուրջ խնդիր է առաջ հանում և այս սեպքում խնդիրը ոչ թե կոնկրետ այս հանքի շահագործման հետ է կապված, այլ Հայաստանում ընդհանրապես համակարգ չունենք պաշտպանվելու այսպիսի շահագործողներից, ինչպես նաև չունենք էկոլոգիական ռիսկերի գնահատման համակարգ: Ռիսկը կարող է լինել ցանկացած տիպի հանքավայրի շահագործումից՝ ոսկի է, թե պղինձ՝ էական չէ»:

Դերասանը համոզված է՝ այս խնդիրը շարունակությունն է մեր մյուս բոլոր խնդիրների և փոխկապակցված է բազմաթիվ կապերով և ուղիներով: «Հարցը ուրիշ է. ի՞նչ է պետք անել այդ ուղղությամբ»,- ասում է Հայկ Մարությանը:

Մեր հարցին, թե հնարավոր է արդյո՞ք հասարակությանն ավելի ակտիվ ներառելով տվյալ խնդրի շուրջ, լուծել այն. «Վստահ եմ, որ հնարավոր է: Եթե հասարակությունը լուրջ կերպով կանգնի ոտքի և հենց այս հանքավայրի դեմ պայքար գնա, վստահ եմ, որ հնարավոր է հաղթի: Բայց դա չի լուծի հարցը մյուս հանքավայրերի դեպքում: Այս հանքավայրի շուրջ կարող է մարդ հավաքվել, մյուսի շուրջ՝ ոչ: Չի կարող հասարակությունն անընդհատ իր գործը թողնի ու սկսի հանքավայրերի շուրջ հավաքվել: Այս հանքավայրի հարցը եթե լուծվի՝ օգտագործելով այդ ալիքն ուղղակի օրենսդրական ճիշտ նորմեր պետք է հաստատվեն և հետո էլ այդ նորմերը պահպանվեն»:

Մենք հետաքրքրվեցինք նաև պատրաստ է արդյոք դերասանը ևս մասնակցել հավանական պայքարին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Վստահաբար այո՛»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում