Արդյո՞ք «Խոսրովի արգելոցի» այրված տարածքներում Կարմիր գրքում գրանցված բույսեր չկային

Բնապահպան նախարարության կայքէջի լուրերի բաժնում կարդում ենք հաղորդագրություն Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանու Բաթլրի, Անդրու Բաորի և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեի Հայաստան ժամանելու մասին, որոնց ընդունել է ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարության ներկայացույցիչներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների տնօրեններ, բնապահպանության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ղեկավար Ժիրայր Վարդանյանը և Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը ներկայացրել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրենց ղեկավարած ստորաբաժանումների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Լուրից տեղեկանում ենք, որ Ժիրայր Վարդանյանը նշել է, որ այրված տարածքներում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բույսեր չեն եղել: Պարզվում է, որ բախտներս բերել է: Պետական արգելոցի ավելի քան հազար հեկտար հրդեհի ճարակ դարձած տարածքում ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԲՈՒՅՍԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ... ի ուրախություն բոլորիս: Թե ինչ նպատակ է հետապնդում այս ՏԽՄԱՐ հայտարարությունը՝ հայտնի չէ: Բանն այն է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների, մանավանդ արգելոցների, ստեղծման հիմնական խնդիրներից մեկը հազվադեպ և խոցելի բույսերի ու կենդանիների, /որոնք որպես կանոն ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ/, պահպանությունն է: Եթե ,,Խոսրովի արգելոց,, - ի այրված տարածքներում չկային ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԲՈՒՅՍԵՐ, գուցե՞ այդ տարածքները դուրս գրել է պետք ,,Խոսրովի արգելոցի,, հաշվեկշռից... Հը՞...

Հրաչիկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում