ՀՀ-ում չարորակ նորագոյացությունների և հանքարդյունաբերության աճի մասին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող Մահացության ընդհանուր գործակիցը 2000թ.-ից սկսած աճում է: 2000թ.-ին Մահացության ընդհանուր գործակցի բացարձակ արժեքը կազմել է 7.5, իսկ 2016թ.-ին արդեն 9.4: Սա, հաշվի առնելով այն, որ տարեցտարի մարդկությունը զարգացում է ապրում, զարգանում է թե գիտությունը, թե առողջապահությունը: Տարբեր փորձագետների կարծիքով, Մահացության ընդհանուր գործակցի աճման հիմնական պատճառներից մեկը լեռնահանքային արդյունաբերության ծավալների աճն է, ինչպես նաև նույն լեռնահանքային արդյունաբերության մեթոդների կիրառման ոչ պատշաճ մակարդակը:

Ցուցադրենք Մահացության ընդհանուր գործակցի վիճակագրությունը 2000-2016թթ.:

 

Վերոնշյալն ապացուցում է նաև գծապատկերը: Ընդ որում՝ 2017թ.-ի արդեն իսկ հայտնի ցուցանիշները ավելի բարձր են: 2017թ.-ի 1-ին եռամսյակում ՄԸԳ-ի բացարձակ արժեքը կազմում է 9.9, իսկ 2-րդ եռամսյակինը՝ 10.9:

Անկախ այն հանգամանքից, որ սննդամթերքի անվտանգությունը մեր հանրապետությունում բարձր մակարդակի վրա չէ և ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք հենց սննդի վերամշակման փուլով են պայմանավորված, բայց ես ինքս որպես ոլորտային մասնագետ, հետազոտող, որը երկար տարիներ զբաղվում է ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրներով, պետք է ասեմ, որ ամենախնդրահարույցը հենց լեռնահանքային ներազդեցությունն է սննդամթերքի անվտանգության վրա, որովհետև սննդամթերքի վերամշակման փուլում մենք գործ ունենք կանոնները չպահպանելու հետ, որի շտկումը շատ քիչ ֆինանսական և կարճ ժամանակամիջոց են պահանջում, ապա լեռնահանքային շրջանների սննդամթերքի անվտանգության հիմնահարցերը կարծում եմ մեր հանրապետության ամենացավոտ, ամենախնդրահարույց և լուծումների ու ֆինանսական ռեսուրսների առումով ամենածանրն են: Շատ վատատեսական տոն պետք է օգտագործեմ՝ ես ինքս որևէ դրականի հույս չունեմ, որ այդ աղտոտված զոնաներում այդքան մեծ ներդրումներ կանեն:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար,
պարենային իրավունքի փորձագետ,
սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյան

 

Կանայք ավելի երկար են ապրում քա՞ն տղամարդիկ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայութունը ներկայացնում է նաև կյանքի սպասվող տևողության գործակիցը հաշվված ծննդից: Գործակիցը ներկայացվում է և կանանց, և տղամարդկանց, և ընդհանուր հաշվարկով: Այսպիսով տղամարդկանց համար Կյանքի սպասվող տևողությունը ծննդից կազմել է 2013թ.-ին՝ 71.5 տարի, 2014թ.-ին՝ 71.8 տարի, իսկ 2015թ.-ին՝ 71.7 տարի: Այն դեպքում, որ կանանց համար նույն գործակիցը հաշվվել է՝ 2013թ.-ին 77.9 տարի, 2014թ.-ին՝ 78.1 տարի, 2015թ.-ին՝ 78.2 տարի:

Ուսումնասիրենք մահացության տվյալներն ըստ մարզերի:

Թե էկոլոգիական, թե առողջապահական տվյալներով Հայաստանում ամենածանր վիճակը Լոռու մարզում է, որից հետո՝ Սյունիքը: Ակնհայտ է, որ դա կապված է հենց հանքաարդյունաբերության հետ: Լոռու մարզում հանքաարդյունաբերություն և հետո վերամշակում նաև:

Բնապահպան,

ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ

Կարինե Դանիելյան

Ներկայացված են 2016թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալները:

Ինչպես երևում է «Մահացությունն ըստ մարզերի» գծապատկերից, մահացությամբ ՀՀ-ում առաջին տեղում է, բնականաբար, մայրաքաղաք Երևանը 33 տոկոս դեպքերով, որին հաջորդում է Լոռու մարզը՝ 10 տոկոսով: Այս դեպքում միանշանակ պետք է հաշվի առնել նաև բնակչության թվաքանակը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացված 2011թ.-ի մարդահամարի տվյալների, մայրաքաղաք Երևանի մշտական բնակչությունը կազմում է ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ ահա Լոռու մարզի մշտական բնակչությունը՝ ընդամենը 235 հազար մարդ, որը ավելի քան 4 անգամ փոքր է մայրաքաղաքի բնակչությունից: Այսպիսով, ակնհայտ երևում է, որ Լոռու մարզում մահացության թիվն իսկապես մտահոգիչ է:

Դիտարկենք նաև մահացությունն ըստ հիմնական պատճառների:

Ներկայացված են 2016թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալները:

Ինչպես տեսնում ենք, մահացության հիմնական պատճառների թվում ամենամեծ բաժինն է կազմում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 47 տոկոս, այնուհետև չարորակ նորագոյացությունները՝ 21 տոկոս: Մասնավորապես վերջին տարիներին ՀՀ-ում այսպես կոչված չարորակ նորագոյացությունների տարածումը, ցավոք սրտի, ընդլայնվում է:

Փորձագետները նշում են, որ մասնավորապես չարորակ նորագոյացությունների նման ընդլայնումն ամենայն հավանականությամբ լեռնահանքային արդյունաբերության ընդլայնման արդյունք է: 

ՀՀ-ում հանքարդյունաբերության ծավալների ընդլայնման և թեմայի շուրջ այլ տեղեկությունների կարող եք ծանոթանալ հղումով:

Նյութը պատրաստվել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում