Որսագողերը գայլերի օրգաններով թալիսմաններ են պատրաստում. Կարինե Փանոսյան

«Հիմա իրավիճակը բավական լուրջ է: Ինչպես գիտեք, այս տարի մենք ունեցանք լուրջ բնապահպանական խնդիրներ հրդեհավտանգ վիճակի հետ: Սա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել»,- այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան, «Սիվիլվոյս» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը:

«Ուղղակի կրակել գայլերի ոհմակի վրա, գայլերի վրա, առանց հասկանալու ինչպիսի քանակություն կա Հայաստանում գայլերի, ինչպես են նրանք ապրում, որ լանդշաֆտներն են իրենցով ավելի շատ լցնում, որտեղ են ավելի շատ բազմանում... մի խոսքով, չանելով մոնիթորինգ, չհասկանալով գայլերի իրական բազմացման իրավիճակը, կառավարությունը փորձում է հեշտ ձևով այս խնդիրը կարգավորել»,- մանրամասնեց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, բնապահպան, «Pro Paws» (Փրո Փոուզ) կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանն էլ ավելացրեց. «Որքան էլ որսն արգելված լինի, որսագողերը միշտ կան: Գայերի դեպքում, հատկապես չմոռանանք ինչի համար են գայլերին որսում: Որոշակի խումբ մարդիկ, ովքեր գուշակությունների են հավատում, գայլերի օրգաններից թալիսմաններ են պատրաստում և օգտագործում դրանք: Մենք գիտենք դեպքեր, երբ նույն այդ գուշակները մինչև 10-15 հազար կարողացել են վաճառել այդ օրգանները: Որսագողերը միշտ լինելու են, հատկապես եթե մեր երկրում չկա կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դատապարտող օրենք:

Մեր (EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք) հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվել այս ուղղությամբ, բնապահպան Կարինե Փանոսյանը պատասխանեց. «Մենք օրենքի ամբողջական փաթեթ ենք պատրաստել, որը նախորդ տարվա մարտ ամսին ԱԺ-ում անցել է առաջին լսումների փուլը: Ես և տիկին Ադամյանը ևս այնտեղ էինք: Անուններ չեմ ասի, ուղղակի այն ժամանակ տվյալ քննարկմանը մասնակից պատգամավորները քննադատում էին տիրող իրավիճակը, թե ինչու մենք մինչև հիմա չունենք նման օրենք և ինչու մենք հասանք նրան, որ աշխարհը իմացավ Գյումրու կենդանամաբանական այգու մասին և մենք խայտառակ եղանք: Բայց դրանից հետո մենք այլևս ոչ մի բան չլսեցինք այդ օրենքի վերաբերյալ և աշխատանքը մարեց»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում