ՀՀ համայնքներում հայտնաբերել ենք Ստոկհոլմյան կոնվենցիայով արգելված թունաքիմիկատներ. Դավիթ Պիպոյան

«Մենք ներկա պահին իրականացնում ենք մի նպատակային ծրագիր, որը ՀՀ գյուղատնտեսական հողահանդակների աղտոտվածությունն է ստուգելու, մասնավորապես արգելված կայուն օրգանական աղտոտիչներով»,- այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում աղբավայրերի և թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին:

«Սա դարձյալ սննդի անվտանգության տեսանկյունից շատ կարևոր խնդիր է: Մասնավորապես պետք է հասկանանք, որ մենք Հայաստանում ունենք նաև արգելված թունաքիմիկատների գերեզմանոց, որը վնասվել է և այնտեղ էլ կան խնդիրներ: Պետք է շեշտեմ, որ այստեղ մենք ևս ունենք խնդիրներ: Մի շարք համայքների հողերում մենք հայտնաբերել ենք, մասնավորապես Ստոկհոլմյան կոնվենցիայով, արգելված թունաքիմիկատներ, ինչը ևս նշանակում է, որ համապատասխան կառավարման միջոցառումներ են անհրաժեշտ»,- մանրամասնեց նա:

Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նաև նշեց, որ մեր հանրապետությունում սննդամթերքի անվտանգության տեսանկյունից շեշտը դրվում է այն խնդիրների վրա, որոնք լուծման առումով շատ ավելի քիչ ռեսուրս, միջոց, ժամանակ են պահանջում, քան էկոլոգիական խնդիրների վրա, որոնք շատ ավելի կարևոր են:

Նա մասնավորապես նշեց. «Նույն թունաքիմիկատները, դրանց գերեզմանոցները, դրանց լիդվիդացման խնդիրները, անկախ նրանից թե ուր են տեղափոխում, շատ ավելի թանկ, աշխատատար գործընթացներ են: Օրինակ՝ սննդի հիգիենան մեկ ամսում հնարավոր է ուղղել: Այս դեպքում կարող ենք ասել՝ դու ես արտադրության տերը, գնա դու էլ արա: Իսկ ենթադրենք ունենք լքված պոչամբար, որը տեր չունի: Ո՞վ է պատասխանատվություն կրելու: Սրանք գյուղատնտեսական հողահանդակներ են, դրանք արդեն աղտոտվել են: Գյուղացին մեղավոր չի եթե ինքը չի աղտոտել: Այսքան տարի այնքան դիլետանտային եղանակով են աշխատել, այնպիսի իրավիճակի են բերել, որ արդեն լուծումներն էլ են բարդ»:

Պարոն Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կենտրոնի կողմից ՀՀ տարածքում հայտնաբերվել է DDT և դրա ածանցյալները: Օրինակ՝ նման աղտոտիչներ հայտնաբերվել են Խանջյան գյուղում, Ախուրյանում և այլ տարբեր շրջաններում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում