Մշակվել է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկմանը ներկայացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում մշակված «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը:

Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքի ու բնակիչների համար ծրագրի կարևորությունը, համոզմունք է հայտնել, որ «Կանաչ քաղաք»-ի իրագործումը կարևոր նշանակություն կունենա քաղաքային տնտեսության զարգացման տեսանկյունից:

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի թիմի ղեկավար, Ծրագրի խորհրդատու ճանաչված միջազգային «Էրնստ ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչ Անդրեա Չիրլիչովան, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հատկանշել է, որ «Կանաչ քաղաք»-ի հիմնական նպատակն է անդրադառնալով մայրաքաղաքի բնապահպանական մարտահրավերներին՝ խթանել քաղաքի տնտեսական և սոցիալական աճը:

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրել են ծրագրի ընդհանուր դրույթներն ու ռազմավարությունը, համայնքի բնապահպանական մարտահրավերները և ըստ ոլորտների նախատեսված քայլերն ու թիրախային այն խնդիրները, որոնք պետք է լուծումներ ստանան ծրագրի իրականացման արդյունքում: Մասնավորապես ուսումնասիրությունների շրջանակում գնահատվել է մայրաքաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։

Նշվել է նաև, որ գործողությունների ծրագիրն անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատում, որի շրջանակում կազմակերպվել են հանրային լսումներ:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ծրագրի հետ կապված իր դիտարկումներն ու առաջարկները: Հաշվի առնելով, որ Երևանի բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավումը մայրաքաղաքի զարգացման ծրագրերի հիմնական գերակայություններից է՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ ծրագիրը կընդգրկվի Երևանի զարգացման ծրագրերում:

Նշենք, որ «Կանաչ քաղաք» ծրագրի իրագործումը նախատեսված է տեղական գործընկերների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում