Արտավանի ձկան խորովածի և սարսափելի հրդեհի մասին

Վերջերս ՀՀ խատածածկ և կանաչապատ տարածքները վերածվեցին մարտական դաշտի, որտեղ մարդիկ պայքարում էին կրակի դեմ: Որպես նման հրդեհների առաջացման հիմնական պատճառ նշվում է այս տարվա շոգն ու արևի ճառագայթների ուժգնությունը:

Արտավանի հրդեհը դեռ բոցկլտում էր, երբ նոր հրդեհ բռնկվեց Խոսրովի արգելոցում: Ի դեպ, տարբեր փորձագետների կողմից նշվում է, որ այս հրդեհ առաջացման ամենահավանական տարբերակը մարդկային գործոնն է: Սակայն այն, որ այսպիսի իրավիճակի առաջացման առաջնային պատճառը պատասխանատու մարմինների և որոշ մարդկանց սեփական շահերն են, անխոս:

Օգոստոսի 10-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։ Ավելի ուշ կրակն ավելի ուժգնացավ, որը հնարավոր եղավ մարել միայն օգոստոսի 16-ին: Պաշտոնական աղբյուրի համաձայն այրվել է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:

Արտավան գյուղում տիրող իրավիճակի մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրել է դեռ 2 ամիս առաջ, երբ մեր խմբագրություն դիմեց քաղաքացի, ով անհանգստացած էր գետերում և վտակներում էլեկտրահարման եղանակով ձկնորսության դեպքերի ահագնացմամբ:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին. «Մի քանի օր առաջ (հունիս ամիս, խմգ.) ինձ տեղեկություն հասավ, որ հոսանքով ձկնորսություն են արել Արտավան գյուղի փոքր գետում, որը Արփայի վտակներից է: Մինչև ակունք հոսանքահարել են: Դա էլ այնքան փոքր գետ է, որ ձուկն այդ փոքր ջրափոսերից փախչելու տեղ չունի: Երբ 2 տարի առաջ այդ գետի կողքով անցնում էի, ձկները տեսանելի շատ էին,մանրաձուկը լիքն էր, իսկ վերջերս մի քանի կիլոմետր քայլեցի անգամ մեկ հատ 4սմ-անոց ձուկ չտեսա: Այդ աստիճան վերացել է: Ես անգամ կարող եմ ասել ովքեր են անում: Մեկը հենց Արտավանի գյուղապետի եղբայրն է, մյուսն էլ՝ անտառապետը»:

Այսպիսի մեղադրանք պարունակող հայտարարությանը չարձագանքեց ո՛չ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ո՛չ Ոստիկանությունը: Ավելին, երբ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրավոր հարցմամբ դիմեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ստացավ ոչ կոնկրետ և պետական պաշտոնյային անհարիր պատասխան: Նախարարության աշխատակազմի ղեկավար պրն Հովհաննիսյանի կողմից ստորագրված գրությունը ոչինչ էր, ոչնչի մասին: 

Համապատասխան պետական մարմինների անգործության և խնդրին ժամանակին չարձագանքելու պատճառով իրավիճակը չի շտկվում, ավելին՝ վատթարանում է:
Եթե Արտավանի գյուղապետի ազգականը և անտառապետը զբաղվում են արգելված տեսակի ձկնորսությամբ, ապա հնարավոր է նաև հրդեհն էլ բռնկվել է նման հակաօրինական գործունեության հետևանքով: Իսկ եթե այս իրավիճակին չեն արձագանքում նաև պատասխանատու մարմինները, ապա հանցագործների համարձակությունն ավելի է մեծանում: 

Միգուցե հակաօրինական եղանակով բռնված ձկները «վայելելու խորովածի» հետևանքով էլ այրվեց Հայաստանի բնության մի մասը...

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում