Պետք չէ Արդվին փոխարինել անցավոր ոսկիով. Գուգարաց թեմի հայտարարությունը

ՀԱԵ Գուգարաց թեմը մտահոգություն է հայտնել Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման նպատակով տարվող ուսումնասիրության աշխատանքների առնչությամբ:

«Այսու հաղորդագրությամբ Գուգարաց թեմն իր մտահոգությունն է հայտնում Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման նպատակով տարվող ուսումնասիրության աշխատանքների առնչությամբ և սթափության կոչ ուղղում ծրագրի պատասխանատուներին: Ստորև այս առնչությամբ ներկայացվում է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հորդորը.

«Դարեր շարունակ Արդվին, ուր հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, մեր ժողովրդի համար եղել է նվիրական սրբավայր և ուխտատեղի, որտեղ այցելել է յուրաքանչյուր բարեպաշտ հայորդի: Անցնող 20 տարիների ընթացքում մենք մշտապես ուխտագնացություններ ենք կազմակերպել դեպի Արդվի և երիտասարդությանը մատնացույց արել իրական Ոսկու տեղը` ուսուցանել, կրթել ու քաջալերել ենք նրանց շարունակ երկրպագել, մեծարել ու պանծացնել Արդվիի դամբարան-մատուռ սրբավայրում ննջող Ս. Հովհան Օձնեցի Հայրապետի հիշատակը:

Հայաստան աշխարհում ննջող եզակի սրբերից է Օձնեցին, որ, ինչպես ժողովուրդն է ասում, մեր երկրի հյուսիսային դարպասների մշտարթուն հոգևոր պահապանն է: Հազարավոր մարդիկ բժշկվել են սրբի օրհնաբեր մասունքների զորությամբ, փրկվել փորձանքներից, ունեցել են հաջողություններ և ուժ առել սրբի բարեխոսության շնորհիվ և ոչ թե նյութական ինչ-ինչ բարիքների կամ ոսկու:

Այսօր, հանցավոր թողտվությամբ, փորձ է արվում կյանքի կոչել ոսկու հանքի գործարկման խայտառակ ծրագիրը: Դեմ չենք մեր Հայրենիքի զարգացմանն ու պայծառությանն ուղղված ազգօգուտ ծրագրերի իրականացմանը, սակայն ոչ սրբություններն ու հոգևոր-մշակութային արժեքների կործանման հաշվին:

Սուրբ Հովհան Օձնեցու և մեր մյուս սրբերի բարեխոսության շնորհիվ է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը կանգուն են: Արդվին եղել և մնում է մեր ժողովրդի համար հոգևոր զորության և ուժականության սրբազան անանց ակունք և պետք չէ այն փոխարինել անցավոր ոսկիով:

«Ով լսելու ականջ ունի՝ թող լսէ» (Մատթեոս 13:9)»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում