Չեմ զարմանում, թե ինչու է Հայաստանում քաղցկեղն այսքան շատ տարածված. բնապահպան

Ինձ համար այսօր Երևանի մեծագույն խնդիրը կանաչապատման խնդիրն է, որովհետև Երևանում ծառերի «խորը էտ» կոչվածը կազմակերպվում է ոչ պատշաճ. այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը:

Բնապահպանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Երևան մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին՝ որպես դրանցից կարևորագույն նշելով ծառերի սխալ էտման հարցը:

«Թեև ես Քաղաքապետարանին նամակ եմ գրել և իրենք պատասխանել են, թե պատշաճ են կազմակերպում աշխատանքները, բայց ինչպես տեսնում եք մասնագետները, բնապահպանները պարբերաբար նշում են, որ դա կատարվում է ոչ պատշաճ եղանակով: Ցավոք սրտի, մեր քաղաքի ծառերի բացարձակ մեծ մասը նաև հիվանդ է: Կարելի է հատ-հատ ցույց տալ, թե որ ծառն ինչ խնդիր ունի. մեկը ուռուցք ունի, մյուսն արդեն վարակված է սնկերով: Դա արդեն սխալ խնամքի հետևանք է: Ասեմ, որ այս մեթոդը մեր օրերում չէ, որ ձևավորվել է և պատասխանատուներն էլ, ըստ էության, հետևում են իրենց նախորդներին: Օրինակ՝ ծառերի մեծ մասը, որոնք 30 և ավելի տարեկան են, ունեն նույն խնդիրները, ինչ 20 տարեկան ծառերը: Այսինքն, դեռևս խորհրդային ժամանակներից քաղաքային ծառերի նկատմամբ կազմակերպվել է սխալ խնամք: Այսօր տրամաբանորեն շարունակվում է, որովհետև, ես ենթադրում եմ, այն դասախոսները, որոնք դասավանդում են ժամանակակից մասնագետներին ասում են այն, ինչ իրենց խորհրդային դպրոցն է սովորեցրել: Կտրողները՝ բանվորները, որոնք ծառահատում են կազմակերպում, արդյո՞ք նրանք մասնագետ են: Բնավ մասնագետ չեն: Քանի՞ մասնագետ է մասնակցում ծառերի էտման գործին: Բնականաբար եթե փողոցում մոտենում եք ծառահատումն իրականացնող մարդկանց, նրանք փաստաթուղթ չունեն: Այս խնդրից բխելով նաև այն խնդիրներն են, որոնք հենց դրա հետևանք են»,- մանրամասնեց նա:

Որպես կարևոր խնդիր Կարինե Փանոսյանը նաև առանձնացրեց Նուբարաշենի աղբավայրի խնդիրը՝ ասելով. «Վերջերս առիթ ունեցա տարածքով ուղղակի անցնելու և չեմ զարմանում թե ինչու է մեր երկրում քաղցկեղն այսքան շատ տարածված: Այն հոտը, որը տարածվում է Նուբարաշենի աղբավայրից, էլ չեմ խոսում այն մասին, որ այնտեղ աղբն այրում են: Օրինակ բերեմ պոլիէթիլենի վրա: Գիտե՞ք, որ այն այրվելու ընթացքում գերվտանգավոր նյութեր է արտազատում բնական միջավայր, որը մեկ ծառը չի հասցնում մաքրել: Դե պատկերացրեք՝ որքան շատ պլաստիկ, տոպրակներ, քիմիական տարբեր նյութեր կան այդ աղբանոցում, որոնք այրվում են: Բնականաբար Երևանում դրա հետևանքով մթնոլորտը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան պետք է լինի»:

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում