Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի «լղոզած» տեքստով պատասխանը խախտում է օրենքը

ՀՀ բնապահպանության նախարարությունը հետաքրքրված չէ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից բարձրաձայնված Արփա և Որոտան գետերի էլեկտրահարվելու մասին խնդրով: Այս մասին վկայում է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի կողմից կայքի հարցադրումներին ի պատասխան ուղարկված գրությունը: Այն կրում է ձևական բնույթ և չի բավարարում կայքի խմբագրության կողմից նախարար Արծվիկ Մինասյանին ուղղված հարցերին:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրություն դիմեց մտահոգ քաղաքացի, ով պնդում է, որ Վայոց ձորի Արփա և Որոտան գետերը, դրանց վտակներն էլեկտրահարվում են անօրինական եղանակով ձկնորսության կազմակերպման հետևանքով: Ինչպես պնդում էր նա՝ տեղի ձկնաշխարհին վտանգ է սպառնում, կարմրախայտը ևս վերացման վտանգի տակ է:

Բացի այս, մեր զրուցակիցն անգամ նշեց մի քանի մարդկանց անուններ, ովքեր հանդիսանում են էլեկտրահարման եղանակով ձկնորսության «հովանավորները»: Նրանցից մեկն Արտավանի գյուղապետի եղբայրն է, մյուսը՝ անտառապետը, ինչպես նաև «Սիսիանի միլպետը»:

Բնապահպանության նախարարության արձագանքն այսպիսի լուրջ դեպքերին և մեղադրանքներին հուսադրող չէ: Գրավոր հարցմամբ մենք խնդրել էինք պատասխանել մի քանի հարցերի: Նախ խնդրել էինք հայտնել նախարարության դիրքորոշումը նախորդ հոդվածի առընչությամբ: Հարցման այս կետն ընդհանրապես անտեսված է:

Մեկ այլ հարցով մենք խնդրում ենք անդրադառնալ նաև հնարավոր մեղավորներին, այնուհետև խնդրում ենք նշել, թե վերոնշյալ հոդվածի հրապարակումից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը խնդրի մանրամասներին տիրապետելու, ճշմարտացիությունը պարզելու, լուծում գտնելու ուղղությամբ: Անպատասխան են մնացել նաև մեր այս երկու հարցերը:

Վերջում խնդրում ենք տրամադրել տվյալներ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ-ում գետերի, լճերի և այլ ջրային տարածքների էլեկտրահարման մասին ստացված ահազանգերի մասին, ինչպես նաև թե դրանցից քանիսին է ընթացք տրվել և գրանցված արդյունքների մասին:

Աշխատակազմի ղեկավար պրն Հովհաննիսյանի կողմից ստացված պատասխանը չի բավարարում մեր ոչ մի հարցադրմանը: Աշխատակազմի ղեկավարի մակարդակով ստացված գրությունը հիշեցնում է «լղոզած» տեքստով շաբլոն պատասխան. ոչինչ չասող և ոչնչի մասին: Այս պատասխանը, հավանաբար, բնորոշում է ամբողջ նախարարության աշխատելաոճը: 

Ըստ էության EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գրավոր հարցերին չպատասխանելը վկայում է ոչ միայն խնդրի նկատմամբ անտարբերության մասին, այլև հանդիսանում է օրենքի խախտում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում