Հայաստանում առաջին անգամ կստեղծվի «Մշկավանք» դպրոցական անտառպետությունը

Հունիսի 15-17-ը ՀՀ բնապահպանության նախարարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում ՄԱԶԾ-ԳԷՀ (UNDP-GEF) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր աշխատաժողով, որին մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու համայքների ղեկավարներ, ոլորտը լուսաբանող լրագրողներ:

Ծրագրի փորձագետները ներկայացրել են իրականացվող միջոցառումների բնապահպանական բաղադրիչները:

Ծրագրի անտառների կառավարման պլանի վերանայման ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը ներկայացրել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքին հարակից «Մշկավանք» դպրոցական անտառպետության հիմնմանը և մշակվող կառավարման պլաններում դրա ու պահպանվող այլ տարածքների ինտեգրմանը վերաբերող միջոցառումները: Առաջին անգամ Հայաստանում ստեղծվող դպրոցական անտառպետության կառավարումն հանձնվելու է հարակից համայնքի դպրոցների աշակերտներին, ովքեր, ոչ միայն կզբաղվեն անտառի կառավարմամբ և պահպանմամբ, որն էկոկրթական բաղադրիչ է իր մեջ ներառում, այլև անտառի պտուղների և մրգերի վաճառքով, ինչից առաջացած հասույթով կլուծեն դպրոցների և սոցիալապես անապահով աշակերտների խնդիրները:

«Անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման խնդիրները» խորագրով կլոր սեղանին մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը պատասխանել է քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների, լրագրողների և փորձագետների հարցերին` ներկայացրել բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները:

Արծվիկ Մինասյանը շրջայց է կատարել «Զիկատար» բնապահպանական կենտրոնի տարածքով, ծանոթացել անտառի պահպանման միջոցառումներին, ինչպես նաև էկոտուրիստական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է նաև Կողբի արվեստի դպրոց, ծանոթացել դպրոցի սաների ստեղծագործություններին, որոնց մեծ մասը նվիրված է հայրենի բնաշխարհին:

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում