ԱՄՈԹ մեր կառավարությանը, ԱՄՈԹ մեր ոստիկանությանը. կենդանիների դաժան սպանդը շարունակվում է

Ահազանգում է Դինգոն

«Զովունիում կրակած շունը գիշերը չլուսացրեց: Ամբողջ թոքերի մեջն ու ողնաշարը փամփուշտի մեջ կորած էր:

ՍԱ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴԵՄՔՆ Է ցավոք:

Անգամ Ադրբեջանն ու Վրաստանն ունեն կենդանիների պաշտպանության օրենք, իսկ մենք՝ առաջին քրիստոնյաներս, ՉՈՒՆԵՆՔ». ԴԻՆԳՈ Թիմի ֆեյսբուքյան էջից:

Արյունաշաղախ այս շան լուսանկարը գուցե խղճահարություն արթնացնի շատ մարդկանց մոտ, բայց միայն այդքանը, քանի որ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձանց չեն ենթարկում ոչ մի իրավական կամ վարչական պատասխանատվության:

Վաղուց ժամանակն է, որ «խղճահարության» մակարդակից այս խնդիրը տեղափոխվի իրավական դաշտ:

Ըստ էության, շան վրա կրակած այս անձնավորությունը կատարել է քրեորեն պատժելի արարք «հասարակական վայրում հրազենի կիրառման» հոդվածով: Սակայն, ինչպես կհաստատեն այս խնդրով հետաքրքրված բազմաթիվ կենդանասերներ և իրավապաշտպաններ, ոստիկանությունն անուշադրության է մատնում այս գործերը և մեղավորները երբեք չեն հայտնաբերվում: Ինչպես գրել է Դինգոն՝ «ԱՄՈԹ մեր կառավարությանը, ԱՄՈԹ մեր ոստիկանությանը, քանի որ բազմաթիվ անգամներ ենք կրակած շների համար դիմել ոստիկանություն, բայց բոլոր գործերը փակվել են ու կորել անհետ»:

Օրենքի և խղճի բացակայություն

Ինչպես նշեցինք, ՀՀ-ում չկա կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դատապարտող օրենք, որի միջոցով հնարավոր կլինի վերահսկել ոլորտը: «Կարծում են, թե սա կենդանիներին վերաբերող խնդիր է և գլխառադի, սեփական ջանին ջափա չտալու, այսպես ասած սեփական հաստ հետույքները չշարժելու համար, նույն Ազգային ժողովը վերջին 4-5 տարվա գործունեության ընթացքում և դրանից առաջ ընդհանրապես ուշադրության չի արժանացրել»,- մեզ հետ զրույցում ասում է «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական միության նախագահ, իրավապաշտպան Նարե Արամյանը:

Նախադեպն ու դրա պատասխանատուները

Նշենք, որ թափառող կենդանիների զանգվածայինդաժան սպանդ արձանագրվել էր փետրվար ամսին: Դեպքը պատահել էր Հրազդան քաղաքում, որտեղ մարդկանց աչքի առջև հրազենի օգնությամբ ոչնչացվել էին բազմաթիվ թափառող կենդանիներ: Դեռ այն ժամանակ պատկան մարմինները մեր գրավոր հարցադրմանը պատասխանեցին գրությամբ, որը մեղմ ասած արտացոլում էր կառավարության արհամարհական վերաբերմունքի ամբողջ խորությունը: Նախ, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին մեր ուղղած նամակի գրավոր պատասխանում մեզ «խորհուրդ» է տրվում դիմել Հրազդանի համայնքապետարան: Հրազդանի համայնքապետարանից ստացավծ պատասխանն ընդամենը մեկ նախադասություն էր կազմում: Պատասխանում նշված է, որ մեր գրությունը քննարկվել է համայնքապետարանի աշխատակազմում: 

«Ի պատասխան Ձեր հարցմանը հայտնվում է, որ հաշվի առնելով բնակչության բողոքները և քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով, իրականացվել է կատաղած և թափառող շների վնասազերծումը: Աշխատանքներն իրականացվել են սահմանված կարգով՝ համապատասխան մարմինների մասնակցությամբ»,- ասվում է գրության մեջ:

Եթե անգամ հաշվի չառնենք նամակի բացարձակ անփույթ ոճը, վստահ կարող ենք պնդել, որ Հայաստանում չկա կատաղություն հիվանդություն (Առողջապահության նախարարության տվյալներ): Նաև կարելի է ենթադրել, որ Հրազդանում հրազենի կիրառումը «սահմանված կարգ» է համարվում, իսկ համապատասխան մարմիններն էլ թաղային հեղինակություններն են: Իրականում ականատես կինը YN.am-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես և ում միջոցով է իրականացվել սպանդը: Ավելին, մեզ ուղարկված պատասխան գրությունը ստորագրված է նույն ինքը՝ Արամ Դանիելյանի ձեռքով, ում որդին օրեր առաջ հոր ծառայողական մեքենայով մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Կարելի է ենթադրել, որ Արամ Դանիելյանի ընտանիքում տիրող բարքերը տարածվում են նաև ամբողջ համայնքում:

Թիվ 1 մեղավորը՝ Ազգային ժողով

Ինչևէ, շարունակում ենք պնդել, որ այս իրավիճակի թիվ 1 մեղավորը Ազգային ժողովն է: Այս տարիների ընթացքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դատապարտող միայն մեկ օրինագիծ է ներկայացվել ՀՀ ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով, որն էլ թերացումների պատճառով չի ընդգրկվել օրակարգում: Հուսով ենք նոր ԱԺ-ն, նոր մոտեցումներ կցուցաբերի այս հարցում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում