Ինչպիսի՞ ամառ է սպասվում. հայտնում է Գագիկ Սուրենյանը

«Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2–ից +5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28: Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +3–ից +6, ցերեկային ժամերին՝ +25–ից +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Սյունիքի մարզի հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33–ից +37 աստիճանի: Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7–ից +10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34–ից +36 աստիճան». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 

Ըստ նրա, այս տարի հունիս ամսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման արդյունքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի +7- ից +12 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին կհասնի +33–ց +36 աստիճանի։

Տեղումների քանակը հունիսին կլինի նորմայի սահմաններում, իսկ հուլիսին ու օգոստոսին ջերմաստիճանը նորմայից բավական բարձր է լինելու: Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում:

«Քանի որ այս տարի ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»,- ավելացրեց նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում