Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 15-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանի և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարին ներկայացվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի թիրախն է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների/ՔՀԿ/ զարգացումը՝ քաղաքականությունների ձևավորմանը, մոնիթորինգին ներգրավելու միջոցով: Ծրագիրը նպատակ ունի կառավարության և ՔՀԿ-ի միջև ձևավորել արդյունավետ երկխոսություն, ինչը հնարավորություն կտա վեր հանել առկա խնդիրները, ստեղծել հարթակ դրանց լուծման ուղիները նախանշելու, հանրային քաղաքականության նոր ծրագրեր մշակելու ուղղությամբ:
Ընտրված 9 թիրախային ոլորտներից երեքում ծրագիրը հաստատվել է, ներկայում պատասխանատուներն այն ներկայացնում են տարբեր գերատեսչություններում գործընկերային` հարաբերությունների կառուցման և համատեղ աշխատանք նախանշելու համար:
Նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է նախաձեռնությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: «Պատրաստակամ ենք համագործակցելու բոլոր այն նախանշված ուղղություններով, որոնք ծրագրի շրջանակներում կարևոր կամ սկզբունքային են: Բնապահպանության նախարարությունը մի շարք գործողություններ արդեն իսկ ձեռնարկել է թափանցիկության բարձրացման, որոշումների ընդունման գործում հանրային սեկտորի առավել լայն կիրառման ուղղությամբ, ավելին, մեր գործողություններում փորձում ենք հաշվետվողականության հետ միասին ապահովել արդյունքների հասանելիության և աշխատանքների արդյունավետության բարձրացման առաջարկությունների ներկայացման հանրային մեխանիզմների ներդնում»,-իր խոսքում, մասնավորապես, նշել է Արծվիկ Մինասյանը:
Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մեկնարկը տրվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում