Ջերմուկի վարչական տարածքում` նոր բաց հանք

ԷկոԼուր

Ջերմուկի վարչական տարածքում «Արսքար» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել Ջերմուկի բազալտի հանքը:

Ըստ ներկայացված հայտի` «Ջերմուկի բազալտի հանքավայրի տարածքը դուրս է «Ջերմուկ» ջրաբանական և «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրերի տարածքներից, հետևաբար, հանքավայրում իրականացվելիք օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները բացասաբար չեն անդրադառնա բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական հավասարակշռության վրա»:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը ստեղծում է «Ջերմուկ» ազգային պարկ՝ միավորելով «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրերը: Ազգային պարկի սահմանները դեռ հստակեցված չեն, և դեռ պարզ չէ՝ ինչ հեռավորության վրա այն կգտնվի շահագործման պատրաստվող հանքերից: «Հենց սկսենք «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման աշխատանքները, առաջին գործողությունը քարետզագրումն է լինելու»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ բնության հատուկ պահպանվող տարածքների շրջակայքում ցանկացած նախաձեռնություն, շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության կանոնների համաձայն, ենթակա է մանրամասն ուսումնասիրության:

Ջերմուկի բազալտի հանքավայրի շրջանում հանդիպում է ողնաշարավոր կենդանիների ավելի քան 220 տեսակ, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված: Կան բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, քարակաքավ, բազմաթիվ ճնճղուկազգիներ, ձկներից՝ կարմրախայտ, կողակ: Շատ են սողունները: Ըստ հայտի` բուսական և կենդանական աշխարհի վրա հանքի շահագործման ազդեցությունը գրեթե զրոյական է:

Հանքավայրի պաշարները հաշվարկված են 1304.5հազ.մ3, բացահանքի տարեկան արտադրողականություն ընդունված է 3000մ3: Բացահանքի օտարման տարածքը շուրջ 1.0 հա է:
Ջերմուկի բազալտի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի հանրային լսումները (2-րդ հանրային լսում) նախատեսված են ս.թ. փետրվարի 20-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում:

«Արսքար» ՍՊԸ-ի հիմնադիրը Անաստաս Արսենյանն է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում