Հանքարդյունաբերողներին տրվող հարկային արտոնությունը բնապահպանության նախարարը համարում է արդարության սկզբունքի պահպանում

ԷկոԼուր

Հայաստանի կառավարությունը որոշել է հարկային արտոնություն տալ հանքարդյունաբերող ձեռնարկություններին՝ ընդառաջելով վերջիններիս առաջարկին: Ըստ այդմ, կառավարությունը նախատեսում է փոփոխել Հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը:
«Հանքարդյունահանող ընկերություններն այսօր վճարում են բոլոր այն նյութերի համար, որոնք չեն կորզվում իրենց կողմից որպես եկամտի աղբյուր: Ընկերություններն առաջարկել են, որ վճարումը կատարվի կոնկրետ այն մետաղի համար, որն իրենց եկամտի աղբյուրն է, ինչը, մեծ հաշվով, հանքարդյունաբերության մեջ կոչվում է արդարության սկզբունքի պահպանում», - հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

ԷկոԼուրի հարցին, ինչո՞ւ փոխարենն այդ ընկերությունների առջև պահանջ չի դրվում՝ կատարելու համալիր, լիարժեք կորզում այն բոլոր մետաղների, որոնք ուղարկվում են պոչամբարներ, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Միանշանակ է այն, որ մենք պետք է պահանջներ դնենք հանքարդյունաբերության առաջ ժամանակակից տեխնոլոգիաների և առավելագույն կորզման համակարգի ներդրման առումով: Մեզ համար գլխավոր շահը շրջակա միջավայրն է, որովհետև հանքարդյունաբերությունը և ցանկացած բնական ռեսուրսի շահագործումը պետք է ողջամտության սահմաններում լինի, և դա սահմանադրական նորմ է: Ռեսուրսների հաշվառումը, պլանավորումը, կառավարման համակարգի ներդրումը, մոնիտորինգը, վերջնարդյունքի գնահատումը պետք է ամբողջական մի շղթա լինի՝ ներառյալ պոչամբարները: Հետևաբար, այդ տեսակետից չկապենք իրար հետ այն, ինչ որ փոփոխություն ենք իրականացնում, պոչամբարներ տեղափոխվող մնացորդների հետ: Այստեղ ավելի շատ խոսքը հանքարդյունաբերական ձեռնարկություններում ներկայիս ցածր գների պայմաններում արդար համակարգի ներդրման մասին է, բայց ոչ ավելին»:

Հանքարդյունաբերողների համար հարկային այս փոփոխությունը նախատեսված է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքում: Այդ նպատակով ՀՀ Ազգային ժողով պետք է ներկայացվեն համապատասխան օրենսդրական առաջարկություններ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում