Օրգանական սննդամթերքին նվիրված հանդիպում-քննարկում

Մարդու օրգանիզմը մի բարդ համակարգ է, որի կենսագործունեությունն ուղղակիորեն կախված է այն սնունդից, որը վերջինս ընդունում է, և այս առումով տեղին է հայտնի ասացվածքը. «Ես այն եմ, ինչ ուտում եմ»:

Արդյո՞ք ժամանակակից մարդն ըստ արժանվույն ուշադրություն է դարձնում իր կողմից սպառվող սննդին, դրա ծագմանը, որակին և ունեցած հետևանքներին: Այս հիմնախնդիրը վաղուց արդեն դարձել է հասարակության լայն շրջանակների քննարկման առարկա, ինչի արդյունքում ոմանք սկսել են գիտակցել բնական սնունդ օգտագործելու անհրաժեշտությունը: Վերջին շրջանում հատկապես ակտուալ է «օրգանական մթերք» հասկացությունը, որը լայնորեն կիրառվում է առողջ ապրելակերպի ջատագովների կողմից:

Հայաստանը ևս անմասն չէ նման հիմնախնդիրներից և մարտահրավերներից, ուստի առողջ և օրգանական սննդի օգտագործման, առողջ ապրելակերպ վարելու մասին էր «Loft»-ում տեղի ունեցած հետաքրքիր հանդիպումը, որի շրջանակներում այս թեմայով ներկաներին անհրաժեշտ տեղեկատվություն, փաստեր և հետաքրքիր խորհուրդներ տվեցին հյուրերը:

Հայաստանում Բերքի փառատոնի կազմակերպիչ Էլլա Բարկերը, ով ներկաների համար պատրաստեց համեղ և շատ օգտակար օրգանական ապուր, նշեց, որ նմանատիպ սննդի օգտագործումը միայն կարող է ապահովել օրգանիզմի առողջ կենսագործունեությունը:

Ամբողջովին օրգանական, մաքուր, առանց հավելումների սննդի օգտագործումն այսօր լուրջ հիմնախնդիր է, մարդիկ պետք է բավարար կերպով տեղեկացված լինեն, որպեսզի կարողանան ճիշտ և անվնաս սնունդ ընդունել»-, նշեց Հայաստանում Եվրոմիության պատվիրակության Գյուղատնտեսության և գյուղական զարգացման ծրագրերի ղեկավար Ջոն Բարկերը:

Նշենք, որ վերջիններիս նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին հերթական անգամ կկայանա «Բերքի փառատոնը», որը նվիրված է օրգանական և մաքուր մթերքի ներկայացմանը հենց հայ ֆերմերի կողմից: Ամենամյա փառատոնի շրջանակներում փորձ է արվում սերտ կապեր ստեղծել օրգանական սնունդ արտադրողի և սպառողի միջև, զարկ տալ օրգանական սննդի արտադրությանը և վերջինիս նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելուն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում