«Դեղերի մասին» նոր օրենքը բարձրացնում է շուկայի մենաշնորհման ռիսկը. սպառողների ասոցիացիա

«Դեղերի մասին» նոր օրենքը բարձրացնում է դեղերի շուկայի մենաշնորհման ռիսկը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով, նոր օրենքը նոր պահանջներ է ներկայացնում պահեստներին, որոնցում պետք է պահվեն ներմուծված դեղերը: Այդ պահանջները կարող են խաղից հանել փոքր ներմուծողներին, թողնելով միայն խոշորներին: Մելիտա Հակոբյանի խոսքով, մեր կառավարությունը փորձում է պայքարել երկրում մենաշնորհների դեմ, սակայն նոր օրենքում այդ կետերը շուկայի ավելի մեծ մենաշնորհման ակնհայտ ռիսկ են պարունակում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Դեղերի մասին» օրենքն ընդունվել է Հայաստանի Ազգային Ժողովում 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ: Այն միանշանակ չի ընդունվել. առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ օրենքը լավն է, որովհետեւ ներառում է այն դեղամիջոցների ցուցակը, որոնց արժեքը պետությունը կփոխհատուցի, եւ դա կօգնի կարգավորել շուկայում դրանց գները: Բացի այդ, նոր օրենքը ենթադրում է դեղատնային գործունեության եւ մեծածախ առեւտրի տարանջատում (գործունեության այդ երկու տեսակի համար տարբեր արտոնագրեր են ենթադրվում), ինչպես նաեւ զուգահեռ ներմուծման թույլտվություն: Սակայն մանր դեղատների տերերը եւ մեծածախ առեւտրով զբաղվող մանր առեւտրականները կարծում են, որ օրենքն իրենց կզրկի աշխատելու հնարավորությունից եւ կհանգեցնի շուկայի էլ ավելի մեծ մենաշնորհման:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի Դեղեր արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը եւս կարծում է, որ «Դեղերի մասին» նոր օրենքը, թեեւ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, մի շարք բացեր եւ բացթողումներ ունի, որոնք հիմնականում վերաբերում են դեղերի ներմուծման գործընթացին, ինչպես նաեւ անհասկանալի պահանջների պահեստներին, որոնք պիտի ունենան ներմուծողները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում