Առյուծատամ մազոտ. ՀՀ Բույսեր

Առյուծատամ մազոտ (լատ.՝ Leontodon hispidus), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ է։

Աճման շաքիլային փուլում առաջացնում է խոր գնացող գլխավոր արմատը՝ երկրորդային արմատիկներով, իսկ վարդակի փուլում արդեն ունենում է լավ զարգացած ու հողի վարելաշերտի խորությունն ընդգրկող փնջաձև արմատային համակարգ։ Բաղկացած է երկար տերևային վարդակից խիստ կտրտված ու սրածայր տերևներից։ Սերմի ծլման առաջին տարվա աշնանը, հատկապես մարգագետնատիպ հողատեսքերում, մազոտ առյուծատամի փռվող տերևները վաղօրոք զբաղեցնելով գետնի մակերեսը, մշակովի ու բնական կերաբույսերին զրկում են աճի զարգացման նվազագույն հնարավորություններից։

Տերևային վարդակի տերևածոցերից աճի նույն կամ հաջորդ տարում առաջանում են ուղղաձիգ, վերևի մասում ճյուղավորվող ծաղկակիր ցողուններ, որոնք հասնում են 35-40 սմ։ Տերևները մանր են, բարակ, հարթեզր։ Յուրաքանչյուր ցողուն, իր գագաթին կրում է զամբյուղ-ծաղկափթթությունը՝ դեղնապսակ լեզվակավոր ծաղիկներով։ Մարգագետիների խոտհարքից հետո բույսը ծաղկում և պտղաբերում է, տալով երկարավուն, թեթևակի կորացած, մանր ու ակոսավոր սերմիկներ, որոնք շագանակագույն են, փայլատ և իրենց ծայրին կրում են դեղնշագանակագույն վրձինիկներ։ 1000 սերմը կշռում է 0,7 գ։ Յուրաքանչյուր բույս կարող է տալ մոտավորապես 1200 սերմիկ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում