Խլածաղկազգիներ. ՀՀ Բույսեր
Խլածաղկազգիներ (լատ.՝ Scrophulariaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք։ Հիմնականում բազմամյա խոտաբույսեր են, կիսաթփեր, հազվադեպ՝ թփեր։ Տերևները պարզ են, ամբողջական կամ փետրաձև, հերթադիր կամ հանդիպակաց։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, երբեմն համարյա կանոնավոր։ Առէջքները 4-ն են կամ 2-ը, հազվադեպ՝ 5-ը։ Վարսանդը երկբուն է, վերնադիր։ Պտուղը տուփիկ է կամ հատապտուղ։ Հայտնի է մոտ 3 000 տեսակ՝ տարածված ամբողջ երկրագնդում։ Հայաստանում աճում են հիմնականում նախալեռնային, լեռնային և անտառային գոտիներում։ Կան կիսամակաբույծ տեսակներ, որոնք աճելով մարգագետիններում, իջեցնում են կերաբույսերի արժեքը։ Խլածաղկազգիների որոշ տեսակներ պարունակում են բարդ գլյուկոզիդներ, որոշները թունավոր են։ Մատնոցուկը (լատ.՝ Digitalis purpureae) արժեքավոր դեղաբույս է և լայնորեն կիրառվում է դեղագործության մեջ։ Առանձին տեսակներ դեկորատիվ են։