Գլոքսինիա. ՀՀ Բույսեր

Գլոքսինիա (լատ.՝ Gloxinia), պատկանում է գեսներայինների (Gesneriaceae) ընտանիքին։ Հայրենիքը արևադարձային Ամերիկան է։

Կենսաբանական նկարագիր

Այս ընտանիքին պատկանող դեկորատիվ բույսերի մեջ բոլորի կողմից սիրվածը գլոքսինիան է (G.hybrida Hort.), որի գեղեցիկ, բարձր դեկորատիվ սորտերը մշակության մեջ հանդիպում են ամենուրեք։ Թավշակերպ տերևները լայն են, օվալաձև, բութ ծայրով, ծածկված են մանրիկ, խիտ աղվամազով։ Ծաղիկները խոշոր են, կլոր, երկարավուն, զանգակաձև 10-12 սմ տրամագծով, նստած են երկար, փխրուն ծաղկակոթունների վրա, բազմերանգ են, մաքուր սպիտակ կամ վառ, կարմիր, կապույտ, մանուշակագույն, եռագույն, շերտերով, բծերով և այլն։

Մշակում

Բազմացվում է պալարների բաժանումով, սերմերով և կտրոններով, ինչպես նաև բեգոնիա-ռեքսի նման՝ տերևամասերով։ Ցանկը կատարվում է հունվար-փետրվար, ինչպես նաև նոյեմբեր-մարտ ամիսներին, կավաթասերի մեջ լցված խառը տորֆահողի և խառը տերևահողի խառնուրդում։ Սերմերը շատ մանր են, դրանք կարելի է չծածկել հողով։ Անհրաժեշտ է միայն ձեռքի տախտակյա փոքրիկ հարթիչով զգուշությամբ, թեթևակի սեղմել, ամրացնել հողի մակերեսը։ Կավաթասը վերևից անհրաժեշտ է ծածկել ապակե թիթեղով և դնել ստվերում, տաք տեղ։ Մինչև ծլումը ջուրը տրվում է կավաթասի տակից, վերջինս մինչև շուրթերը իջեցնելով ջրի մեջ։ Ապակե ծածկոցը կավաթասի վրայից անհրաժեշտ է հաճախակի վերցնել, որպեսզի օդափոխություն կատարվի և հողի մակերեսին բորբոս չբռնի։

Ծլում

Ծլած բուսակները նախքան թաղարների մեջ տնկելը երկուսից-երեք անգամ նախասածիլում են արկղերի մեջ։ Այդ նպատակի համար օգտագործում են հողախառնուրդ, կազմված 1 մաս տորֆահողից, 1 մաս արևահողից 0,5 մաս ավազից։ Վերջին նախասածիլումից հետո բույսերը տեղափոխում են սկզբում 7-9, իսկ այնուհետև՝ 10-13 սմ-անոց թաղարների մեջ։ Որպես մերձարևադարձային բույս նախընտրում է խոնավ, գոլորշիներով հագեցած մթնոլորտ։ Ահա թե ինչու, նպատակահարմար է օրական մի քանի անգամ բույսը ցողել ջրով։ Թաղարների մեջ փոխադրված և արդեն արմատակալած բույսերը սնուցում են հաճախակի։

Պարարտանյութը տրվում է լուծված վիճակում։ Սկզբնական շրջանում մի քանի անգամ տալիս են ազոտական պարարտանյութ (ազոտաթթվական կալիում), 1 լիտր ջրում լուծելով 1 գ։ Հետագայում այդ սնուցումը կրկնում են բույսի կոկոնները կազմակերպվելուց 2-3 շաբաթ հետո։ Լավ խնամքի դեպքում, ցանկի օրից հաշված, բույսերը կարող են ծաղկել 6-7 ամսում։ Բույսի գեղեցիկ տեսքը պահպանելու նպատակով ծաղկաթափ եղած ծաղկակոթուններն անհրաժեշտ է հեռացնել։

Ծաղկում

Ծաղկումը դադարլուց հետո պետք է աստիճանաբար կրճատել բույսերին տրվող ջրի քանակը, որի հետևանքով տերևները սկսում են դեղնել, չորանալ։ Երբ բույսի բոլոր տերևները մահանում և պալարներն անցնում են հանգստի շրջան, ջրելը բոլորովին պետք է դադարեցնել։ Պալարները հենց թաղարների մեջ կարելի է պահել ջերմատանը, կողք-կողքի պառկեցրած վիճակում։ Սակայն ավելի նպատակահարմար է դրանք հանել թաղարներից լավ չորացնել և պահել տորֆահողի մեջ ջերմատան ստվերոտ և մութ բաժիններում 10-12° ջերմության պայմաններում։ Մինչև պալարների վերատնկելը անհրաժեշտ է հետևել, որպեսզի դրանք չչորանան և կուչ չգան։ Այդ բանը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ հողը թեթևակի խոնավացնել։

Ձմռան ընթացքում փոքր պալարներն անհրաժեշտ է տեղափոխել սառը տեղ, բույսից հեռու և ջրել խիստ սակավ, իսկ միջակ և խոշոր պալարները հանգստի շրջանն անցկացնելուց հետո փոխադրել թաղարների մեջ և պահել լուսավոր դարակների վրա 20-22° ջերմության պայմաններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում