Ռուդբեկիա. ՀՀ Բույսեր

Ռուդբեկիա , (լատ.՝ Rudbeckia ) պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է:

Կենսաբանական նկարագիր
Մշակության մեջ միամյա ռուդբեկիաներից բացի, հանդիպում են նաև բազմամյա տեսակներ, որոնցից այստեղ կնշենք միայն մի քանիսը։ Կտրտված տերևավոր ռուդբեկիայի (R.lacininiata fl.pl) բարձրությունը հասնում է 2-2,5 մ-ի, ծաղկում է առատ և երկարատև՝ հուլիս-օգոստոս ամիսներին, ծաղիկները լիաթերթ են, գնդաձև, դեղին ոսկեգույն։ Կարմիր ռուդբեկիան (R.purpurea L.-Echinacea purpurea Moench.) ունի 5 տեսակ։ Տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 60-80 սմ.-ի սահմաններում։ Ծաղկում է օգոստոսից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր։ Ծաղիկները մուգ կարմիր են ոսկեգոիյն կենտրոնով։ Գեղեցիկ ռուդբեկիան (R.Speciosa) ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, դեղին բրոնզագոիյն ծաղիկներով, բարձրությունը հասնում է 1,5 մ-ի։ Բոլոր տեսակներն էլ Երևանի պայմաններում ձմեռում են գրունտում, առանց ծածկոցի։

Մշակում
Ռուդբեկիան բազմացվում է թփիկի բաժանումով՝ աշնանը կամ վաղ գարնանը, ինչպես նաև կտորներով և սերմերով։ Ցանկը բաց գրունտում կարելի է կատարել գարնանը և աշնանը, իսկ ջերմատներում կամ ջերմոցներում՝ միայն գարնանը։ Սերմերը քառանիստ են, նման են 2 միլիմետր երկարության փոքրիկ փայտիկների, ունեն գորշ, սևին տվող գույն։ Ծլում են 8-15 օրվա ընթացքում։ Ծլունակությունը պահում են 2-3 տարի մեկ գրամում պարունակվում է 2400 հատիկ։ Բույսերը տնկում են արևոտ հողամասերում, բույսը բույսից 60-80 հեռավորության վրա։ Նախնտրում է սննդանյութերով հարուստ, պարարտ հողեր։ Պահանջկոտ է խոնավության նկատմամբ։ Բույսը նույն տեղում կարելի է թողնել 3-4 տարի և ավելի։

Օգտագործում
Օգտագործվում է ծաղկային տարբեր ձևավորումներում, ծաղկած վիճակում հատկապես դեղին-ոսկեգույն ռուդբեկիան, շատ գեղեցիկ է մարգախոտի կանաչ ֆոնի վրա մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու նպատակով, որոնք բավական երկար են դիմանում ջրի մեջ։ Կա նաև այս բույսի միամյա տեսակը։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում