Գերբերա. ՀՀ Բույսեր

Գերբերա , (լատ.՝ Gerbera) պատկանում է բարդածաղկավորների Compositae ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր
Գերբերայի բարձրությունը Երևանի պայմաններում հասնում է 80-90 սմ-ի։ Լուսասեր է, լավ է աճում արևոտ, տաք հողամասերում։ Նախընտրում է միջին բերության հողերը։ Պահանջում է առատ և հաճախակի ոռոգում։ Ծաղիկները խոշոր են, 5-10 սմ տրամագծով, բազմերանգ՝ սպիտակ, կարմիր, բաց վարդագույն, դեղին և այլն, գեղեցիկ են, նման են երիցուկի ծաղիկներին։ Ծաղկումը սկսվում է գարնանից և տևում մինչև աշուն։ Ծաղկակոթի երկարությունը հասնում է 40-60 սմ-ի։ Ծաղիկը կտրված վիճակում ջրի մեջ կարող է դիմանալ 10-15 օր։ Բացի ծաղկեփնջերում օգտագործելուց, օգտագործվում է նաև ծաղկային ձևավորումներում, միքսբորդերներում, ղևանդներում, մարգախոտերի ֆոնի վրա, զանազան խմբավորումներում և այլն։

Մշակում
Բազմամյա բույս է, սակայն Երևանի պայմաններում երբեմն բաց գրունտում ցրտահարվում է։ Եթե վաղ աշնանային ուժեղ ցրտահարություններից հետո բույսի վերերկրյա մասերը ոչնչանում են, ապա անհրաժեշտ է դրանք հավաքել և հեռացնել, որից հետո բույսերը ծածկել գոմաղբի 10-15 սմ հաստության շերտով կամ թափված տերևներով։ Բազմանում սերմերով և թփիկի բաժանումով։ Սերմեր ստանալու նպատակով հաճախ արհեստական փոշոտման կարիք է զգացվում, որովհետև նույն ծաղկի առեջքների փոշին ավելի շուտ է հասունանում, քան վարսանդը, որի համար կարիք է զգացվում դրանց փոշին վերցնել ու բեղմնավորել վաղ ծաղկած ծաղիկների վարսանդները։ Մեկ ծաղկաբույսից ստացվում է 50-60 հատ սերմ, իսկ մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 250 հատիկ։

Հաճախ սերմերով բազմացնելիս ստացվում են ոչ ցանկալի անհատներ։ Այդ պատճառով էլ գերբերան բազմանում է վեգետատիվ ճանապարհով՝ բույսի բաժանումով։ Սերմերով բազմացնելիս ցանկը կատարվում է ջերմատանը՝ հունվար-փետրվար ամիսներին, ցանկարկղերի կամ կավաթասերի մեջ։ Սերմերը ծլում են 7-10 օրվա ընթացքում։ Վեգետատիվ ճանապարհով բազմացումը կատարվում է գարնանը՝ նախորոք պիտակավորած երկու տարեկան բույսի բաժանումով. այդ դեպքում մեկ բույսից կարելի է ստանալ 4-6 հատ բուսակ իրենց առանձին-առանձին արմատներով և 4-6 հատ տերևներով։

Բուսակներ տնկելիս թե՛ արմատները թե՛ տերևները 1/3-ի չափով պետք է կտրել՝ կարճացնել։ Վարակ տարածելու նպատակով, ամեն մի նոր թուփ բաժանելիս դանակն ամպայման պետք է աղտահանել։ Գրունտում տնկելիս ջերմոցի հողը պետք է պատրաստել 20 սմ խորությամբ, լցնելով հետևյալ հողախառնուրդը՝ 2 մաս բանջարանոցային հողի 1 մաս տերևահող և 1 մաս ավազ։

Բույսերը պետք է տնկել 10×10 սմ տարածությամբ և մինչև լավ արմատակալելը ստվերացնել։ Արմատակալելուց հետո դրանք կարելի է փոխադրել ջերմատուն, գրունտում կամ դարակների վրա, տնկելով 25-30 սմ հեռավորությամբ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում