Մայրի. ՀՀ Բույսեր

Մայրին (լատ.՝ Cedarm) սոճազգիների (Pinaceae) ընտանիքի ասեղնատերև մշտադալար, փշատերև ծառ է։ Հայտնի է 4 տեսակ։ ՀՀ չոր մերձարևադարձային գոտիներում աճեցվում է մայրի հիմալայանը (C. deodara):

Կենսաբանական նկարագիր
Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։ Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված։ Միատուն է։ Ծաղկում է աշնանը։ Կոները մեկական են, հիմնականում՝ երկարավուն-ձվաձև կամ տակառաձև։ Այս ծառի կարմրաշագանակագույն հասուն կոները ձվաձև են և խոշոր՝ 5-11 սմ երկարությամբ։ Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև։

Տարածում
Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր։ Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները։ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի։

Պատմություն
Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է։ Ապրում է մինչև 500 տարի։ Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ։ Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ։ Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց։ Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ։

Հայաստանում մայրի աճեցնում են շատ վաղուց։ Հին Հայաստանում հարգի էր փյունիկյան մայրին։ Մ. թ. ա. 3-րդ դարի վերջին հայոց Երվանդ Դ թագավորն Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և ավանել «Ծննդոց անտառ»։

Կիրառում և նշանակություն
Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ։ Ուտելի չէ։ Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն։ Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս։ Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր։ Ըստ ավանդության՝ մայրու ծառից է պատրաստվել Նոյյան տապանը։ Մայրու տերևը պատկերված է Լիբանանի դրոշի վրա։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում