Սեքվոյա. ՀՀ Բույսեր

Սեքվոյա, Մամոնտածառ, ճահճանոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է։ Հայտնի է 1 տեսակ՝ մշտադալար սեքվոյան։

Աճում է Կալիֆորնիայի և Հարավային Օրեգոնի լեռներում։ Առաջացնում է հսկայական անտառներ։ Եվրասիայում հայտնաբերված է բրածո վիճակում։ Հազվադեպ մշակվում է Սև ծովի մերձարևադարձային ափերին, ՀՀ-ում՝ Իջևանի դենդրարիումում։

Միատուն, հսկա ծառ է, բարձրությունը՝ մինչև 110 մ, բնի տրամագիծը՝ 8–10 մ։ Բունն ուղիղ է՝ ծածկված մինչև 70 սմ հաստության կեղևի շերտով, սաղարթը նեղ կոնաձև է։ Ասեղնատերևները գծանշտարաձև են՝ երկկողմանի սանրաձև դասավորված։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Բնափայտն արժեքավոր է, օգտագործվում է նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ։ Ինտենսիվ ծառահատումները սեքվոյայի անհետացման վտանգ են առաջացրել, և այն պաշտպանության տակ է վերցված։

Ապրում է մինչև 2 հզ. տարի։ Հյուսիսային Ամերիկայի «Սեքվոյա» ազգային պարկում ծառերը 2500–3000 տարեկան են։ Նրանք կարող էին ավելի երկար ապրել, եթե արմատները դիմանային ծառի բնի ծանրությանը (քաշը հասնում է մինչև 1000տ և ավելի), կամ չլինեին անտառային հրդեհներ ու սողանքներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում