ՌԴ նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայկական մուֆլոն է խոցել

ՌԴ նախագահի նախկին օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին որսի է մասնակցել Հայաստանում` Կարմիր գրքում ընդգրկված 11-ամյա արու հայկական մուֆլոն խոցելով:

Յաստրժեմբսկին իր ավարի լուսանկարն ուղեկցել է գրառմամբ այն մասին, որ մուֆլոնը տարածված է նաև Իրանում, սակայն քանի որ այդ երկրում մուֆլոնի որսն արգելված է, Հայաստանը միակ երկիրն է, որն այս պահին մատչելի է մուֆլոնի որսի համար:

Կարմիր գրքում ընդգրկված կենդանու որսը խիստ բացասական արձագանք ստացավ հայ հանրության շրջանում: Բնապահպանության նախարարությունը, սակայն, հայտարարեց, որ մուֆլոնի որսն օրինական է: Նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, որ որսի կազմակերպիչ Safari International-ը, նախարարության համապատասխան թույլտվության հիման վրա հատուկ տարածքներ ունի Վայոց ձորում և Սյունիքում, որտեղ զբաղվում է հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և այլ կենդանիների բազմացմամբ կիսաազատ գոյության պայմաններում, այդ թվում` նրանց որսի համար օգտագործելու նպատակով: 12 տարում կենդանիների գլխաքանակն աճել է, և ըստ նախարարության թույլտվության, ընկերությունն իրավունք ունի իր նպատակների համար օգտագործել գլխաքանակի 10 տոկոսը` սկսած կենսունակ երկրորդ սերնդից:

Նախարարությունը պնդում է, որ որսի կազմակերպումը հսկողության տակ է, և այս պահի դրությամբ նախարարությունը կազմակերպության հանդեպ որևէ պահանջ չունի:

Ավարի արժեքը բավականին բարձր է` հայկական մուֆլոնի գինը մոտ 4000 եվրո է, իսկ հարկերն ու արտոնագրի համար մուծումը` ևս գրեթե 800 եվրո: Ընդ որում, խոցված, բայց չհայտնաբերված կենդանու համար նույնպես գանձվում է ողջ գումարը:

Հայկական մուֆլոնը բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում