Օձի պորտ. ՀՀ Բնության հուշարձան

Լոռու մարզի հրաշքներից է Օձի պորտը: Ըստ ավանդություն` գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր: Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ պապանձվում է: Մի օր գյուղացի մի կին սափորն ուսին իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է: Ճգնավորը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին փնտրելու իր աշակերտներին: Հրաշագործը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է:

Լեռան լանջով, կարծես թե, «սողում են» երկու վիշապները: Դրանք քարային ապարաշերտային երակներ են՝ մեկը ավելի երկար ու հաստ, իսկ մյուսը՝ կարճ ու բարակ: «Մեծ վիշապից» բխում են երկու աղբյուր, որոնք ամառվա տապին հոգնած ճամփորդին տալիս է սառնորակ ջուր, այն տարբերությամբ, որ մեկը սովորական ջուր է, իսկ մյուսն ունի բուժիչ հատկություն: Արևմտյան կողմից բխող ջուրը շատ բարակ է, կոչում են «օձի պորտ»: Այն ունի բուժիչ հատկություններ, որոնք պայմանավորված են նրա հանքային ջուր լինելու հարմարանքով: Ջուր, որտեղից օգտվում են ոչ միայն տեղացիները, այլ նաև բոլորը… Ասում են, որ մի ժամանակ սափորն ուսին կին-ժայռը պարզ երևում էր, բայց 1939 թվականին այն քանդվել, իսկ քարերով անասունների համար գոմեր են կառուցվել: Տեսարանը հիասքանչ է ու անզուգական՝ գողտրիկ բնակավայր, վեհաշուք վանական համալիր, գեղատեսիլ ձորակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում