Սևանա լիճ. ՀՀ Բնության հուշարձան

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիոյից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։

Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83 մետրի։ Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 կմ3 է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 կմ3։

Լճում էնդեմիկ տեսակներից է իշխան ձուկն իր չորս տեսակներով՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են։ Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում։

1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն։ Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը։

Ջրի մակարդակի իջնելը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր։ Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման։ 1980-ական թվականներին լճից ջրի բացթողումն էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը՝ Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար։ Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից։ Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը, և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին։

Լիճը վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը, պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադարձավ կենդանական և բուսական աշխարհի վրա։

Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի։

Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․

1.Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով , ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

2.Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում