Վեդի (գետ). ՀՀ Բնության հուշարձան

Վեդին գետ է ՀՀ Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակներից։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավ-արևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավ-արևմտյան է։ Վերին հոսանքում գետը ունի լեռնային բնույթ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը Եղեգնավան գյուղից մոտ 2 կմ հարավ՝ ծովի մակարդակից մոտ 810 մ բարձրության վրա։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°00՛30՛՛ արլ.ե.45°04՛44՛՛, գետաբերանինը՝ հս.լ.39°49՛21՛՛ արլ.ե. 44°37՛15՛՛։ Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ², որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Խոշոր վտակներից են Մանկունքը (կամ Մանկուկ, Քյուսուզչայ), Սպիտակաջուր (Աղսու), Խոսրովը, Շաղափը ու Կոտուցը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության)։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը՝ մոտ 72 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է։ Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում