Սևան ազգային պարկ
Սևան ազգային պարկը պահպանվող տարածք է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։
Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։
Մինչև 1997 թ. Սևան ազգային պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները։ Վերջիններս 1997 թ. լուծարվում են (բացի Ճամբարակի անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում է Սևան ազգային պարկին։ Պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը։
Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը իրականացնում է «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Այն շահույթ չհետապնդող, իրավաբական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների, ՊՈԱԿ-ի կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա։
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ։
Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը, որի ծավալը 33,2 կմ³ է, մակերեսը՝ 1238 կմ²։ Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով՝ Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավարևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ³), հյուսիսարևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ³)։ Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ։
Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը՝ Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան։
Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը։
Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։ Պարկի տարածքում կան 4 արգելոցներ՝ «Նորաշենի», «Լիճք-Արգիչի», «Գիլլի» և «Արտանիշի», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464հա, որից ցամաքային տարացքը՝ 4289հա, իսկ ջրայինը՝ 3175հա, 2 արգելավայրեր՝ «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա, որից ցամաքային տարածքը՝ 2359 հա, իսկ ջրայինը՝ 293 հա, 4753 հա ընդհանուր մակերեսով ռեկրեացիոն և 11266 հա ընդհանուր մակերեսով տնտեսական գոտի։
Պարկի ռեկրեացիոն գոտիների ընդհանուր տարածքը կազմում է 4753 հա, որոնք առանձին հատվածներով տարածվում են լճի ափամերձ երկայնքով։ Պարկի տարածքը ներառում է թվով 8 ռեկրեացիոն գոտիներ։
Տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում` Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիչի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա։ Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11.184 հա։
Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ։ 39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։
Պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ։ Ընդ որում՝ պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում՝ 1587։ Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով։ Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով։ «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13–ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են։ Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ։
17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր։ Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի։