Խայտաքիս. Հայաստանի Կարմիր գիրք

Խայտաքիսը Կզաքիսների ընտանիքին պատկանող կենդանի է։

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable VU A2c» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2c B1b(iii):

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Հարավարևելյան Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Չինաստան և Մոնղոլիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում, ծ.մ. 1000–2000 մ բարձրություններում: Արեալը և էկոլոգիան բոլորովին ուսումնասիրված չեն:

Ապրելավայրերը: Կիսաանապատներ, լեռնային չոր տափաստաններ, լեռնային մարգագետնատափաստաններ և ենթալպիան մարգագետիններ: Արեալը կապված է խայտաքիսի հիմնական կեր հանդիսացող` կրծողների տարածման շրջանների հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են, հավանաբար, ձմռան վերջում: Հղիությունը տևում է մոտ 2 ամիս, որից հետո` ապրիլ–մայիսին, ծնվում են 4–8 ձագեր: Լավ բազմանում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չէ: Անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ: Հավանաբար, կրճատվում է բիոտոպերի` որպես գյուղատնտեսական տարածքների, օգտագործման հետևանքով:

Վտանգման հիմնական գործոնները: Բիոտոպերի ոչնչացումը: Թվաքանակի աճին խոչընդոտող հիմնական սահմանափակող գործոնը կիսաանապատային և լեռնատափաստանային հողերի մշակումն է, դրանց ապրելավայրերում անասունների գարնանային արածեցումը, ինչպես նաև մեծ քանակությամբ պեստիցիդների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցներում, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում: Անհրաժեշտ է ուժեղացնել արեալի սահմաններում գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը, դադարեցնել կրծողների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում